Ինչպե՞ս ազատվել գլխամաշկի թեփից. երեք արդյունավետ բնական միջոցի բաղադրատոմս

Գլխամաշկի թեփը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը կարող է դառնալ լուրջ բարդույթների զարգացման պատճառ։ Այս խնդրից ազատվելու համար սովորաբար կիրառվում են հատուկ դեղամիջոցներ, կոնդիցիոներներ ու շամպուններ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ իրենց քիմիական ագրեսիվ բաղադրության պատճառով էլ ավելի են վատթարացնում վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բուժման բնական միջոցներին, որոնք նույնքան արդյունավետ են, որքան դեղատնային միջոցները, սակայն շատ ավելի հասանելի են ու անվնաս, քանի որ պատրաստվում են բացառապես առօրյայում կիրառվող բնական բաղադրիչներից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք արդյունավետ բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել գլխամաշկի թեփից և կսնուցեն գլխամաշկն ու մազերն անհրաժեշտ նյութերով:

Եթերային յուղերով լոսյոն

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 2 կաթիլ թեյի ծառի յուղ,
  • 2 կաթիլ հազրեվարդի յուղ,
  • 5 կաթիլ նվենու (էվկալիպտ) յուղ,
  • 150 մլ ջուր։

Պատրաստման և օգտագործման եղանակը.

Բուրավետ եթերայուղերն ավեկացնել եռացրած գոլ ջրին և լավ թափահարել, որպեսզի բոլոր բաղադրիչները խառնվեն։ Ստացված խառնուրդը քսել մաքուր մազերին ու լավ տարածել դրանց ամբողջ երկայնքով։ Թողնել խառնուրդը 10 րոպե, որից հետո մաքրաջրել վարսերը գոլ ջրով։

Եղինջով յուղ վարսերի համար

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 2 ճաշի գդալ երկտուն եղնջի արմատ,
  • 100 մլ մանանեխի յուղ։

Պատրաստման և օգտագործման եղանակը.

Եղնջի արմատներին ավելացնել մանանեխի յուղը և թրմել խառնուրդը երեք շաբաթ։ Պատրաստի խառնուրդը քամել և լցնել մուգ ապակուց տարայի մեջ։ Ստացված յուղը պարբերաբար քսել մազարմատներին, մի փոքր մերսել, թողնել կես ժամ, այնուհետև լվանալ մազերը գոլ ջրով ու շամպունով։

Սխտորով մազերի դիմակ

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 4 կաթիլ թեյի ծառի յուղ,
  • 4 կաթիլ նվենու յուղ,
  • 1 ճաշի գդալ մեղր,
  • 1 հավկիթի դեղնուց,
  • 2–3 պճեղ սխտոր,
  • 800 մլ երկտուն եղնջի թուրմ։

Պատրաստման և օգտագործման եղանակը.

Սխտորը մաքրել ու քերիչով մանրացնել, ավելացնել մեղրն ու հարած դեղնուցը, լավ խառնել, այնուհետև ավելացնել նաև եթերայուղերն ու կրկին լավ խառնել։ Ստացված խառնուրդը քսել գլխամաշկին, մոտ երեք րոպե մատներով մերսել, այնուհետև տարածել մազերի ամբողջ երկայնքով։ Ծածկել գլուխը պոլիէթիլենային թաղանթով ու փաթաթել տաք սրբիչով, թողնել 20 րոպե, այնուհետև մաքրաջրել մազերը եղնջի թուրմով։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխամաշկի թեփը չի լինում զուտ կոսմետիկ խնդիր, այլ պայմանավորված են լինում բավական լուրջ առողջական խնդիրներով։ Սա է պատճառը, որ նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ միայն հիմնական պատճառից ազատվելուց հետո հնարավոր կլինի ազատվել նաև թեփից։

Հարկ է հիշել, որ առողջական խնդիրների դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ այն կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: