Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, որի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են խիստ սննդակարգերի ու մարզումների միջոցով, սակայն մասնագետները վստահ են, որ ցանկալի արդյունքին հասնելու համար իրականում չափազանց մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա։ Գերմանացի մասնագետները ներկայացրել են մի քանի պարզ խորհուրդ, որոնց հետևելը կօգնի հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից առանց խիստ սննդակարգերի ու ինտենսիվ մարզումների։
Ավելի շատ սպիտակուց օգտագործել
Ավելորդ քաշից ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող սպիտակուցների քնակությունը 15-30 տոկոսով, ինչը կօգնի նվազեցնել օգտագործվող մթերքի ընդհանուր քանակությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սպիտակուցներով հարուստ մթերքի շնորհիվ մարդիկ կարող են նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող ընդհանուր կալորիաների քանակությունն օրական մինչև 440 կիլոկալորիայով։
Օգտագործել ջուր պարունակող մթերք
Նման մթերքն արդյունավետ կերպով պաշտպանում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումներից ու սաստիկ քաղցի նոպաներից, որոնք ստիպում են նորմայից շատ ուտել։ Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս սնվելիս առաջին հերթին ուտել ապուրը կամ աղցանը։
Բավարար քանակությամբ ջուր խմել
Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն անգամ ուտելուց առաջ կես լիտր ջուր խմելը թույլ կտա շատ ավելի քիչ կալորիա օգտագործել, ինչն էլ իր հերթին կօգնի նվազեցնել քաշը։
Լավ ծամել մթերքը
Չափազանց արագ ուտելու սովորությունը հանգեցնում է քաշի ավելացման, ուստի նիհարելու համար հարկավոր է հնվարավորինս դանդաղ ուտել ու երկար ծամել մթերքը։ Դանդաղ ուտելը թույլ կտա ավելի արագ հագենալ և կօգնի նվազեցնել քաշը։
Սնվելիս չշեղվել
Շուրջ քսան հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սնվելիս շեղվելն ու այլ բաների վրա ուշադրությունը կենտրոնացնելն ստիպում է մոտ 10 տոկոսով ավելի շատ կալորիա օգտագործել։ Սա է պատճառը, որ սնվելիս հարկավոր է անջատել հեռուստացույցը, մի կողմ դնել գաջեթներն ու կենտրոնանալ միայն սնվելու վրա։
Կարգավորել քունը
Քունն ու սթրեսն այն գործոններն են, որոնք ազդում են հորմոնալ բալանսի վրա, իսկ հորմոնալ ֆոնի խանգարումը բարձրացնում է անառողջ սնունդ օգտագործելու ցանկությունը։ Քնի պակասը դառնում է անառողջ ախորժակի պատճառ, որն էլ թույլ չի տալիս նիհարել։
Հագեցնել քաղցն ընկույզներով
Շատ հաճախ թեթև քաղցը հագեցնելու համար մարդիկ քաղցրավենիք կամ արագ պատրաստվող որևէ ուտեստ են օգտագործում, սակայն քաշը նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս քաղցը հագեցնել ընկույզներով։ Ընկույզները կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը, թույլ են տալիս ավելի լավ կառավարել ախորժակն ու օգնում են ավելի քիչ ուտել։