«Այսքան մերկ դեռ չեմ նկարահանվել և ուզում եմ բաց տեսարաններս լինեն միայն այսպիսին» Արևիկ Գևորգյանի նոր ֆոտոշարքն ու մտորումները սիրո մասին

ShowBiz.am-ի զրուցակիցը դերասանուհի Արևիկ Գևորգյանն է, ով վերջին շրջանում գտնվում էր ստեղծագործական դադարի մեջ: Տարիներ առաջ, նկարահանվելով տարբեր հեռուստասերիալներում և խաղալով թատրոնում, դերասանուհին ձեռք բերեց երկրպագուներ և հանդիսատես: Այսօր Արևիկը վերադարձել է , պատրաստ է ընդունել հետաքրքիր առաջարկներ. նա նաև նկարահանում է տեսանյութեր, որտեղ ասմունքում է: Դերասանուհին նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է մեզ և պատմել իր ստեղծագործական դադարի, վերադարձի և ամբողջ ընթացքում ունեցած ապրումների ու զգացողությունների մասին:

– Որոշ ժամանակ դադար և հեռավորություն սիրած աշխատանքից. Ինչպիսի՞ն էին ապրումներդ ու զգացողություններդ այդ ժամանակ:

– Կան ապրումներ և զգացողություններ, որոնց նկարագրելու համար նախատեսված բառեր ես դեռ չեմ գտել և հասկացել եմ, որ միգուցե պետք էլ չի փնտրել: Ողջ կյանքի ընթացքում մենք ունենում ենք տարբեր ապրումներ և պահերի փունջ: Երբ մեր կյանքում կատարվում է զարմանալի, երջանիկ  ցնծության պահեր, մենք առանց մտածելու դա փորձում ենք  քամել մինչև վերջին կաթիլը: Բայց միշտ երբ հարցը հասնում է  առաջին հայացքից ոչ այնքան  հաճելի պահերի՝ դատարկության, միայնության, դրանց արհամարհում ենք:  Պահեր, որոնք անվերջ կարելի է թվարկել:  Այդ ժամանակ դու փորձում են անվերջ փակվել  այդ էմոցիաների առջև, անտեսել դրանք, որպեսզի չցավեցնես քո մարմնի ոչ մի բջջի. Ես հասկացել եմ, որ պետք է ընդունել ամեն ինչ. յուրաքանչյուր էմոցիա արժանի է , որ դու նրան ապրես: Անգամ ամենածանր իրավիճակում գուցե քեզ ոչ թե պատժել են, այլ՝ օրհնել: Իմ ճանապարհը դեպի ինձ երկար է, և այդ դադարի մեջ գուցե մի քիչ ավելի շատ ունեցա ինձ:

– Գտնվելով ստեղծագործական դադարի ու կարոտի մեջ՝ ի՞նչ դժվարությունների ու բարդությունների ես հանդիպել ու ինչպե՞ս հաղթահարել:

– Դադարի ողջ տևական ընթացքում չեմ կարողացել որպես հանդիսատես թատրոնում ներկայացում նայել , որովհետև բոլոր ոսկորներս ցավում էին. դրանից բարդ չի եղել ու չգիտեմ էլ՝ լինում է թե՞ ոչ:

– Ի՞նչն էր լռության պատճառն ու այսօր ի՞նչ ես կարծում՝ պե՞տք էր այն քեզ:

– Հիմա հասկանում եմ, որ դադարն ինձ ոչ թե պետք էր այլ անհրաժեշտ: Եթե լիներ հնարավորություն հետ տալ այդ ժամանակը, կրկին կընտրեի այդ դադարը, իսկ պատճառների մասին խոսել չեմ ուզում, որովհետև դա ճանապարհ է, որը տանում է ոչ մի տեղ:

– Վերադարձ դեպ աշխատանք, նկարահանումներ և այլն. կա՞ր վախ, մի փոքր շփոթվածություն:

– Անկախ դադարից, մասնագիտական վախ միշտ էլ կա. Ներքին դող է ամեն դերի հետ, ամեն ֆիլմի, ամեն ներկայացման, ամեն պատկերացման և այդ բոլոր ապրումները հաղթահարելու ճանապարհը առողջ է, որը կուզենամ միշտ ունենալ: Իմ չապրելը իմ կենսակերպով ավելացրել է այնպիսի զգացողություններ , որոնք երբեք մինչ այդ չէի ապրել, ինչը ևս մի քանի երանգով  հարստացրել է իմ ներքին աշխարհը՝ որպես դերասանուհի:

– Հաճախ ես նոր ֆոտոշարքեր իրականացնում. ինչո՞վ է դա պայմանավորված, ո՞վ է ընտրում ֆոտոշարքերի համար քո կերպարներն ու զբաղվում իմիջովդ:

– Յուրաքանչյուր ֆոտոշարք իր նախապատմությունն ունի: Կան ֆոտոշարքեր, որոնք ինքս եմ պատկերացրել, կան ֆոտոշարքեր, որոնք ծնվել են տարբեր ոճաբանների և նկարիչների հետ համագործակցության արդյունքում, սակայն 2 դեպքում էլ կա մի շատ կարևոր նախապայման՝ լուսանկարը ևս պետք է կրի հաղորդագրություն: Հարցազրույցներից մեկում նշել եմ, որ հատուկ ընդգծված ոճ չունեմ, ուղղակի հագուստն ընտրելիս պետք է հայացքս հանդիպի ու հասկանամ, որ դա իմն է:

– Կներկայացնե՞ս քո նոր շարքը, որտեղ փոքրիկ տեսանյութերի միջոցով բանաստեղծություններ ես կարդում:

– Մտահաղացումը ծնվեց նախ ընկերությունից. իմ ընկեր և ռեժիսոր Մարիամ Յեգորյանի հետ երկար զրույցների ընթացքում, երբ հազարերորդ անգամ փորձում էինք ուսումնասիրել սերը.հերթական զրույցներից մեկում, երբ սահմանն անցնում ես արդեն հասկանալու համար, թե ինչ է սերը, ծնվեց մի  ցավալի միտք, որ գուցե երբեք ոչ մեկ չի գտնում այն միակին, ով նախատեսված է իրեն ի վերուստ: Չգիտեմ՝ որքանով է հետաքրքիր մարդկանց, բայց ես այսքան մերկ դեռ չեմ նկարահանվել և ուզում եմ բաց տեսարաններս լինեն միայն այսպիսին:

– Առաջարկներ ստանալիս ինչի՞ն ես առաջնային կարևորությունը տալիս:

– Սկսել եմ յուրաքանչյուր առաջարկի վերաբերվել համարժեք: Եթե նախկինում առաջարկը ստանալիս որոշ բաների վրա աչք էի փակում և փորձում էի հարմարվել, ապա հիմա սկսել եմ շատ արժևորել  առաջարկվող նյութը և այդ պատճառով է, որ մի քանի առաջարկ արդեն մերժել եմ, սակայն միշտ բաց եմ հետաքրքիր գաղափարների, հեղափոխոխ մտքերի և կարևոր հաղորդագրությունների առաջ:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի