«Տորթի մոմերը փչեցի ու երազանք պահեցի»․ Քնարիկ Զաքարյանի ծննդյան օրը, երեխաների անակնկալը, ուրախ երեկոն ու լուսանկարները

Դերասանուհի Քնարիկ Զաքարյանը երեկ նշում էր իր ծննդյան օրը։ Showbiz.am-ի հետ զրույցում Քնարիկը պատմել է արտակարգ դրության պայմաններում անցկացրած տարեդարձի, երեխաների անակնկալի, մտերիմ ընկերուհիների հետ ուրախ ժամանցի մասին, ինչպես նաև տրամադրել ուրախ օրվա լուսանկարները։

«Ամեն տարի ես տարեդարձս նշում եմ լողավազանում։ Դա արդեն ավանդույթ է դարձել, որին ես հետևում եմ տարիներ շարունակ։ Բայց այս տարի, ելնելով կորոնավիրուսային համավարակի ու արտակարգ դրության պայմաններից, բնականաբար որոշեցինք չգնալ լողավազան»,- պատմում է նա։

Դերասանուհին երկու հրաշք բալիկների մայրիկ է, որոնք իրենց անակնկալով ապահովել են տոնական օրվա ուրախ մեկնարկը․ «Ծնունդս սկսել եմ տանը։ Երեխաներս փուչիկներ էին գնել, զարդարել տունը ու ինձ առավոտյան այդպիսի գեղեցիկ անակնկալ մատուցեցին։ Հետո արդեն ընտանիքով նշեցինք՝ մայրիկիս տանը»։

Քնարիկը շատ երազանքներ ունի, բայց այս շրջանում առանձնացնում է մեկը, որի մասին չի մոռացել նաև ծննդյան տորթի մոմերը փչելիս․ «Տոնական տորթի մոմերը փչեցի ու երազանք պահեցի։ Անկեղծ ասած, երազանքներս մի քանիսն էին, ու չեմ կարողանում դրանք տեղավորել մեկ ցանկության մեջ։ Բայց, իհարկե, առաջին ցանկությունս էր, որ կարողանանք կորոնավիրուսի համավարակը ազգովի հաղթահարել, դուրս գալ արտակարգ դրությունից ու բոլորս լինենք առողջ»։

Գաղտնիք չէ, որ Քնարիկ Զաքարյանն ու մոդելավորող, երգչուհի Անահիտ Սիմոնյանը մտերիմ ընկերուհիներ են։ Անահիտը և Քնարիկի մյուս ընկերուհիները նրա երեկոն տոնի վերածեցին՝ լի ծիծաղով ու բարձր տրամադրությամբ․ «Երեկոն անցկացրեցի ընկերուհիներիս հետ՝ ամառային բացօդյա սրճարաններից մեկում։ Շնորհակալ եմ իրենց՝ ինձ այդ տոնը պարգևելու համար։ Ցավոք, ոչ բոլոր ընկերուհիներս կարողացան ներկա գտնվել։ Անկեղծ ասած, ինչ վարակը սկսել էր տարածվել, կարանտինի ընթացքում ռիսկի չէի դիմում ու սրճարաններ չէի գնում։ Բայց երեկ խախտեցի այդ ինքնակամ սահմանափակումն ու շատ շնորհակալ եմ ընկերուհիներիս, որ կողքիս էին։ Հուսամ, որ մեզ համար երեկվա սրճարան գնալը վատ հետևանքներ չի ունենա (հեղ․ ծիծաղում է)»:

Օրը լի է եղել նաև նվերներով, որոնք դերասանուհուն շատ են տպավորել․ «Շատ գեղեցիկ ու հաճելի նվերներ եմ ստացել, չեմ ուզում դրանցից որևէ մեկն առանձնացնել, որովհետև այդ բոլոր նվերներն արված էին մեծ սիրով ու մեծ սրտով։ Շատ եմ գնահատում ինձ մատուցված բոլոր այդ նվերներն ու անակնկալները»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան