Ինչպե՞ս ազատվել ցերեկային քնկոտությունից. 8 արդյունավետ միջոց

Ցերեկային քնկոտությունը բավական հաճախ հանդիպող երևույթ է, որը կարող է լուրջ խնդիր դառնալ՝ հանգեցնելով աշխատունակության անկման։ Շատ հաճախ առույգանալու և էներգիա ստանալու համար մարդիկ մի բաժակ սուրճ են խմում, սակայն կան շատ ավելի արդյունավետ միջոցներ, որոնք էներգիա կհաղորդեն և կբարձրացնեն աշխատունակությունը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաարդյունավետ ու պարզ միջոցները քնկոտությունից ազատվելու համար։

Ոչ ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն

Ֆիզիկական ակտիվությունը խթանում է արյան հոսքը` դրանով իսկ հագեցնելով մկանները թթվածնով ու սննդարար նյութերով։ Սա իր հերթին առույգացնում է և բարձրացնում է էներգիայի մակարդակը։ Մասնագետները խորհուրդ են տալիս շարժվել մինչ քնկոտության նշանների ի հայտ գալը։ Ընդ որում` այս դեպքում արդյունավետ կլինի ինչպես հասարակ մարմնամարզությունը, այնպես էլ աստիճանները բարձրանալը կամ պարզապես զբոսնելը։

Ընդմիջում

Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընդմիջում չանելը հանգեցնում է հոգնածության ու աշխատունակության անկման։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են անպայման ընդմիջում անել աշխատանքային օրվա ընթացքում։

Զբոսանք

Հնարավորության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս ընդմիջում անել ու զբոսանել մոտակա այգում։ Գիտափորձերը ցույց են տվել, որ բնության գրկում զբոսնելն օգնում է ավելի լավ հանձնել հիշողությունն ու ուշադրությունը ստուգող թեստերը։ Նման զբոսանքը հանգստացնում է գլխուղեղն ու ազատում է կենտրոնանալու անհրաժեշտությունից, ինչն օգնում է զբոսանքից հետո ավելի թարմ ուժերով վերադառնալ աշխատանքին։

Կենդանիների հետ շփում

Ամերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ կենդանիների հետ շփումը բարձրացնում է օրգանիզմում օքսիտոցին հորմոնի մակարդակը, որն էլ ճնշում է սթրեսի հորմոնի ազդեցությունը և օգնում է հանգստանալ ու կենտրոնանալ։ Ավելին` նմանատիպ արդյունքի կարելի է հասնել անգամ պարզապես ընտանի կենդանու մասին մտածելու կամ նրանց մասնակցությամբ տեսանյութեր դիտելու դեպքում։ Սա ազատում է քնկոտությունից, դրական հույզերի է հաղորդում և բարձրացնում է էներգիայի մակարդակը։

Մաստակ

Հետազոտությունները ցույց են տվել, որ 15-20 րոպե մաստակ ծամելը կօգնի շատ արագ առույգանալ ու կխթանի գլխուղեղի աշխատանքը։

Ջուր

Հոգնածության, տրամադրության անկման ու ցրվածության հիմնական պատճառներից մեկն օրգանիզմի ջրազրկումն է, ուստի նման խնդիրներից խուսափելու համար Մայո կլինիկայի մասնագետները խորհուրդ են տալիս օրն սկսել մի բաժակ ջրով և չմոռանալ նաև օրվա ընթացքում պարբերաբար ջուր խմելու անհրաժեշտության մասին։

Հաճելի երաժշտություն

Մայամիի համալսարանի գիտնականները պարզել են, որ աշխատանքի ընթացքում սիրելի երաժշտությունը լսելն օգնում է բարձրացնել աշխատունակությունն ու խուսափել քնկոտությունից։

Ճիշտ մթերք

Էներգիայի բարձր մակարդակի պահպանման համար լավագույնը ընտրությունը կլինի սպիտակուցներով ու բարդ ածխաջրերով հարուստ մթերքը, ուստի սննդակարգը հարկավոր է հարստացնել անյուղ մսով, ձկներով, հավկիթով, ինչպես նաև հացահատիկներով ու լոբազգիներով։ Շատ օգտակար կարող է լինել նաև կանաչ տերևավոր բանջարեղենը, որը հարուստ է հոգնածության մակարդակը նվազեցնելող երկաթով։ Հարկ է հիշել, որ պարզ ածխաջրերով հարուստ մթերքը (սպիտակ հաց, թխուկներ, քաղցրավենիք և այլն) հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման ու նույնքան կտրուկ անկման, ինչն էլ դառնում է էներգիայի մակարդակի նվազման ու քնկոտության պատճառ։