Սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն պահպանել մաշկի երիտասարդությունն ու խուսափել վաղաժամ ծերացումից

Մաշկի վիճակի վրա իրենց ազդեցությունն են ունենում մի շարք գործոններ, ուստի առողջ ու երիտասարդ մաշկ ունենալու համար միայն հատուկ կոսմետիկ միջոցների կիրառությունը կարող է բավարար չլինել։ Հատկապես մեծ նշանակություն ունի մարդու սննդակարգը, քանի որ սխալ սննդակարգը զրկում է մաշկին անհրաժեշտ սննդարար նյութերից, մինչդեռ ճիշտ մթերքի գործածությունը կարող է լավագույն հակատարիքային միջոցը դառնալ վաղաժամ ծերացման դեմ պայքարելու համար։ Մասնագետները ներկայացրել են մի քանի մթերք, որոնք կօգնեն երիտասարդացնել մաշկն առանց թանկարժեք կոսմետիկ միջոցների ու բարդ պրոցեդուրաների

Ջուր

Առողջ ու երիտասարդ մաշկ ունենալու համար հարկավոր է անպայման հետևել օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակությանը։ Օրական հարկավոր է առնվազն 2 լիտր ջուր խմել, քանի որ այն խթանում է օրգանիզմից տոքսինների դուրսբերման գործընթացը, կանխում է բորբոքումներն ու դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա։ Ջրի պակասը հանգեցնում է բշտիկների առաջացման ու դարձնում է մաշկն ավելի խամրած, մինչդեռ բավարար քանակությամբ ջուր խմելը կօգնի ինչպես հարկն է խոնավացնել մաշկը, հավասարեցնել գույնն ու հարթեցնել մանր կնճիռները։

Վիտամին C-ով հարուստ մթերք

Այս վիտամինն օգնում է ոչ միայն բարձրացնել իմունիտետը, այլև ձեռք բերել առողջ, մաքուր ու երիտասարդ մաշկ։ Ընդ որում` բավարար քանակությամբ վիտամին C ստանալու համար բավական կլինի պարզապես հարստացնել սննդակարգն այնպիսի մթերքով, ինչպիսին են կիտրոնի հյութը, նարինջը, կիվին, կաղամբը, խնձորը, քաղցր պղպեղը, մաղադանոսն ու հատապտուղները։

Քրքում

Այս համեմունքն օժտված է հակամանրէային հատկություններով, որոնց շնորհիվ օգնում է պայքարել մաշկային տարբեր խնդիրների, այդ թվում` բշտիկների և վարակումների դեմ։

Սպիտակուցներով հարուստ մթերք

Սպիտակուցներն օրգանիզմի «շինանյութն» են և դրանց գործածությունն օգնում է արագացնել մաշկի վերականգնման գործընթացը վնասվածքներից, այրվածքներից, վարակումներից ու բորբոքումներից հետո։ Այս տարրերի ամենապարզ ու հասանելի աղբյուրը հավկիթն է, ուստի այն սննդակարգում ներառելը շատ կարևոր է։ Մասնագետների խոսքով` սպիտակուցային մթերքի գործածությունը հատկապես կարևոր է 35 տարեկանից հետո, քանի որ օգնում է հնարավորինս երկար պահպանել մաշկի երիտասարդությունը։