Հինգ պատճառ ամեն առավոտ մարմնամարզություն անելու համար

Առավոտյան մարմնամարզություն սովորաբար կատարում են երեխաները, քանի որ ծնողներն ու ուսուցիչները հաճախ են շեշտում առողջ ապրելակերպի կարևորության մասին, սակայն շատ հաճախ մեծահասակներն իրենք են մոռանում այդ պարզ, սակայն կարևոր պրոցեդուրայի մասին, որը կարող է ոչ միայն առողջարար լինել, այլև դրական հույզեր հաղորդել։

Medikforum.ru պորտալը ներկայացրել է հինգ պատճառ ամեն օր առավոտյան մարմնամարզություն անելու համար։

Բարելավում է ֆիզիկական վիճակը

Առավոտյան մարմնամարզություն անելն օգնում է ամրապնդել մկանային հյուսվածքները, ինչպես նաև բարելավում է ողնաշարի և հոդերի վիճակը։ Անգամ ամենապարզ վարժությունները կօգնեն զգալիորեն բարելավել օրգանիզմի վիճակը։ Առավոտյան մարմնամարզությունը սովորաբար ենթադրում է պարզ վարժություններ, որոնք մարզում են մկաններն ու հոդերը՝ միաժամանակ չծանրաբեռնելով մարմինը, ինչի շնորհիվ նման մարզանքը չի առաջացնում հոգնածություն կամ ցավոտ զգացողություններ։

Առույգացնում է

Առավոտթյան առույգանալու և թարմանալու համար շատերը մի բաժակ սուրճ են խմում, մինչդեռ պարզ մարմնամարզությունը կարող է շատ ավելի օգտակար ու արդյունավետ լինել։ Վարժություններն ակտիվացնում են արյան շրջանառությունն ու հագեցնում են հյուսվածքներն ու օրգանները թթվածնով, ինչն էներգիա է հաղորդում ու բարելավում է ինքնազգացողությունը։

Բարձրացնում է տրամադրությունը

Մարդիկ ոչ միշտ են առավոտյան արթնանում բարձր տրամադրությամբ, սակայն պարզ մարմնամարզությունը կօգնի ազատվել այս խնդրից և կբարձրացնի տրամադրությունը։ Բանն այն է, որ սպորտը հանգեցնում է արյան մեջ ադրենալինի և էնդորֆինների մակարդակների կտրուկ բարձրացման, ինչը դրական ազդեցություն է ունենում տրամադրության վրա։

Ամրապնդում է կամքի ուժը

Մարմնամարզությունն ստիպում է մարդուն մի քանի րոպե շուտ արթնանալ մյուս գործերը ևս հասցնելու համար, ինչը սկզբնական շրջանում կարող է մի փոքր դժվար լինել։ Առաջին օրերին օրգանիզմն ակտիվ կերպով կդիմադրի` փորձելով քնել մի փոքր երկար, սակայն ճիշտ տրամադրվածությունը կօգնի հաղթահարել այդ խնդիրը։ Ընդամենը երեք շաբաթ անց մարզվելը կվերածվի սովորության, սակայն այս ընթացքում հարկավոր է չհիասթափվել, քանի որ առաջին արդյունքներն ի հայտ կգան ավելի ուշ։ Ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է կամքի ուժ ցուցաբերել ու համբերատար մարզվել և ընդամենը մի քանի ամսից արդյունքն արդեն ակնհայտ կլինի։

Ամրապնդում է առողջությունը

Առավոտյան մարմնամարզությունն ամրապնդում է սրտամկանը, բարելավում է շնչառական համակարգի աշխատանքը, կարգավորում է անոթների վիճակը, բարձրացնում է դրանց անցանելիությունը, բարելավում է ուշադրության կենտրոնացումն ու խթանում է գլխուղեղի աշխատանքը։ Բացի այդ, այս սովորությունն օգնում է բարձրացնել դիմադրողականությունը, կարգավորել վեստիբուլյար ապարատի աշխատանքը, ուղղել կեցվածքն ու բարձրացնել անոթների շարժունությունը։