«Տղաները դադարեցին որպես տիկնիկ ընկալել ինձ»․ Հռիփսիմե Սարգսյանը՝ իր ստեղծագործությունների, Շողերի կերպարի, երազանքների ու այլ թեմաների մասին

Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Մոր խոստումը» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո, իսկ նրա այժմյան կերպարը՝ Շողերը, «Շիրազի Վարդը» հեռուստասերիալի ամենաքննարկվող հերոսներից մեկն է։ Showbiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է կերպարի՝ Շողերի առանձնահատկությունների, իր մասնագիտության, երազանքների, ստեղծագործությունների մասին, ինչպես նաև մեզ տրամադրել իր նոր, չհրապարակված ֆոտոշարքն ու լուսանկարներ սերիալի նկարահանման հրապարակից։

Համավարակի ընթացքում շատ դերասաններ, որոնցից մեկն էլ հենց Հռիփսիմեն էր, շարունակեցին նկարահանվել։ Պատասխանելով հարցին, թե որքանով է ազդել արտակարգ դրությունն իր վրա ու ինչպես է անցնում իր առօրյան, դերասանուհին պատմում է․ «Իմ առօրյան առանձնապես չի փոխվել։ Մեր նկարահանումները չեն դադարեցվել։ Մարդկանց պետք է ինչ որ կերպ զբաղեցնել՝ մանավանդ արտակարգ դրության պայմաններում, հետո, ես վաղուց եմ փոխել ժամանցի վայրերը՝ տանը մնալու, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու և ինքնակրթությամբ զբաղվելու հետ»:

«Շիրազի Վարդը» սերիալում Հռիփսիմեի կերպարը՝ Շողերը, մոր հետ խնդիրների, անպատասխան սիրո ու այլ պատճառներով շատ սխալներ է գործում, բայց կարծում է, որ ճիշտ է անում ամեն բան: Հարցին, թե հաճա՞խ է ունենում կերպարի ու նրա բնավորության հետ այնպիսի բախումներ, որոնք ստիպված է լինում հաղթահարել նրան նմանվելու համար, Հռիփսիմեն պատասխանում է․ «Շատ լավ հարց էր: Միանշանակ: Նախ երկու տարի է անդադար եթերում եմ՝դրամատիկ կերպարներով, իսկ դա հաճախ նշանակում է օրերով լացել՝ առավոտից մինչև երեկո. սա իհարկե թողնում է իր ազդեցությունը դերասանի վրա: Հիմա ես շատ եմ դատարկված, բայց էկրանի մյուս կողմից դերասանը հոգնած պիտի չերևա: Ուզած-չուզած ինձ տրամադրում եմ, որ զգացածս իրական լինի ու բխի հոգուց, չեմ սիրում դատարկ, էժանագին լացուկոծ: Բացի դա, իմ ու կերպարիս տարբերոթյունն ահռելի է. ես տեսակով բավականին հպարտ եմ և ինձ համար աններելի է կնոջ այդչափ նվաստանալը, ես դա չեմ հասկանում և չեմ ընդունում։ Կինը պետք է լինի վեհ ու բարձր, իսկ կերպարս ամեն ինչի պատրաստ է հանուն սիրած տղայի՝ արհամարհվելու, ցածրանալու, դավեր նյութելու: Չնայած, դա ունի հոգեբանական հիմնավորում ՝ բազմաթիվ տրավմաներ՝ հոր պակաս, անլիարժեքության բարդույթ, մոր հետ մշտապես վեճեր, վերջինիս տված դաստիարակությունը, մի քանի մտերիմ մարդկանց մահեր և այլն, և այլն, թեև ինձ համար ավելի նախընտրելի կլիներ սերիական մարդասպան դառնալը։ Հազիվ եմ ինձ համոզում, որ կարողանամ դա անել, հետապնդելով հետևյալ նպատակը՝ ցույց տալ աղջիկներին՝ ինչպես չապրել»։

Հեռուստադիտողը անդադար քննադատում է Շողերի սիրո դրսևորումը, որի պատճառով նա անցնում է մարդկանց զգացմունքների ու շահերի վրայով։ Դերասանուհին, խոսելով այդ կերպարի տածած զգացմունքների ու առհասարակ Շողերի մասին, նկատում է․ «Սիրելը սիրում է, իհարկե: Բայց այն, ինչ անում է նա, թուլության դրսևորում է։ Ես պարզապես ուզում եմ, որ հեռուստադիտողը մի պարզ բան հասկանա. Շողերը պարզապես սերիալային «բացարձակ վատ կերպար» չէ։ Նա տրավմատիկ էություն է, և բացի ատելությունից, որ կզգաք կերպարիս հանդեպ, պետք է նաև հասկանալ և շատ հաճախ՝ խղճալ նրան»:

Միշտ շատ վառ, տարբերվող Հռիփսիմեն, խոսելով իր ու Շողերի բնավորությունների մասին, նշում է․ «Ոչ, իմ և նրա բնավորությունների միջև առհասարակ չկա ոչ մի նման գիծ»:

Այժմ նրա կերպարը`Շողերը, սերիալի այս փուլում շատ բարդ ու ճակատագրական իրավիճակներում է, բայց դերասանուհին չի ուզում բացել փակագծերն ու ասել, թե առաջիկայում ինչ հանգուցալուծումներ են սպասվում, այլ միայն դիմելով հեռուստադիտողներին, ասում է․ «Դիտեք, որ իմանաք»։

Հռիփսիմեն շատ է սիրում իր մասնագիտությունն ու խոսելով դրա բարդությունների մասին, առանձնացնում է մի շատ կարևոր հանգամանք, որի հետ բախվում են բացասական կամ ոչ այնքան միանշանակ ընկալվող կերպարներ մարմնավորող դերասանները․ «Դժվար կողմեր շատ կան. դա առանձին ու մեծ թեմա է, մի առիթով, հուսամ, կխոսենք այդ մասին, բայց մի բան կա, որ միշտ ասում եմ և կուզենայի նորից ասել։ Սա գերազանցապես մեր ժողովրդին է հատուկ․ պետք չէ նույնացնել դերասանին կերպարի հետ, դա շատ հին, ամոթալի, նեղ ընկալման արդյունք է: Խնդրում եմ, վերջ տվեք»,- ասում է Հռիփսիմեն։

Խոսելով այն կերպարների մասին, որոնք ապագայում կցանկանար մարմնավորել, նա թվարկում է․ «Իհարկե, թերևս թատրոնում Նաստասյա՝ Դոստոևսկու «Ապուշը» վեպից, Բլանշ Դյուբուա՝ Թենեսիսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն»» պիեսից և Չեխովի բոլոր կանանց»։

Դերասանուհին նաև ստեղծագործում է ու բանաստեղծություններ գրում, որոնց մասին նրա երկրպագուներն ու հետևորդները տեղեկացան միայն վերջերս․ «Գրել սկսել եմ շատ վաղուց՝ դպրոցական տարիներից, բայց սկսել եմ հրապարակել վերջերս՝ մի տարի չկա։ Դե, գրելը նորաձև չէ, կիրթ լինելը «քուլ» չէ, տխուր լինելը ձանձրացնող է, ի վերջո, կարծում էի, որ մեր ժամանակներում մարդկանց հետաքրքիր չի պոեզիան: Կարծում էի նաև՝ եթե հրապարակեմ բանաստեղծություններս, մարդիկ «կքաշվեն» իմ հետ շփման մեջ, այլ խոսքով՝ դա կվանի նրանց: Բայց, վերջին հիասթափությունից ու դավաճանությունից հետո, այդպիսիք իմ կյանքում շատ են եղել, հասկացա, որ գրողի ծողը պետք է ուղարկեմ ամեն ինչ ու բոլորին, լինեմ այն, ինչ կամ՝ ոչ ավել, ոչ պակաս: Այո, ես սիրում եմ մտածել, այո, ես հաճախ եմ լինում մելանխոլիայի մեջ, այո, ես անհատականություն եմ, իսկ դա մեր երկրում հաճախ քարկոծվում է, այո, ես երազող եմ, ունեմ նուրբ ներաշխարհ, այո, իմ գլուխը ամպերի մեջ է, ես գաղափարի մարդ եմ։ Ես այն եմ, ինչ եմ: Եվ մի հրաշք տեղի ուեցավ. մարդիկ սկսեցին կարդալ և ու սիրել իմ բանաստեղծությունները, աղջիկները վարակվեցին իմ ազատամտությամբ ու համարձակությամբ, իսկ տղաները դադարեցին որպես տիկնիկ ընկալել ինձ։ Այս վտանգի առաջ մեր օրերում կագնած է յուրաքանչյուր գեղեցիկ աղջիկ։ Հիմա նրանք նույիսկ վախենում են գրել անձնական նամակով, սա ինձ ուրախացնում է, հիմա երկար մտածում են հետս խոսելուց առաջ»:

Հռիփսիմեի գրած տողերն անկեղծ են, համարձակ ու գեղեցիկ։ Հարցին, թե արդյոք կա՞ն թեմաներ, որոնց չի անդրառնա իր ստեղծագործություններում, նա պատասխանում է․ «Կարծում եմ՝ ոչ, կարելի է խոսել ցանկացած թեմայի մասին, այլ հարց է, թե ինչպե՞ս. եթե գտնես գեղեցիկ մատուցման ձևը, ամեն ինչ լավ կլինի, իսկ խավարամիտ, պատյանով, վախեցած գլուխները թող մտածեն՝ ինչ ուզում են»:

Ստեղծագործ մարդիկ միշտ երազկոտ են։ Դերասանուհին նույնպես բացառություն չէ ու պատմելով իր երազանքների մասին, որոնք բազմաթիվ են, նշում է․ «Երազում եմ, որ ծնողներս միշտ առողջ լինեն, երազում եմ արտերկրում կինոռեժիսուրա սովորել, երազում եմ վեպեր գրել, երազում եմ աղջիկ ունենալ և նրա համար հեքիաթներ չկարդալ: Մեկ-մեկ երազում եմ նման լինել բոլորին ու հանգիստ ապրել, հաճախ երազում եմ անհետանալ, երազում եմ այսքան երազող չլինել»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան