«One Caucasus» միջազգային փառատոնին, որը տեղի կունենա օգոստոսի 22-ին Վրաստանում, Հայաստանը կներկայացնի «Nemra» խումբը: Անակնկալ կա նաև գյումերիցիների համար, խումբը մենահամերգ կունենա ռոքասեր Գյումրիում:
«Հմմ»… չէ, մտահոգ չեմ, ուղղակի այսպես է կոչվում «Nemra» խմբի վերջերս թողարկված ալբոմը: 2012-ին ստեղծված ռոք խումբը, որը բաղկացած է չորս անդամից՝ Վանից, Վասպուրից, Մարիաննայից և Մարեկից, խոսել է առաջիկա պլանների, նոր ալբոմի գրանցած հաջողությունների, ստեղծվող երգերի և իրենց երկրպագուների մասին:
Առաջիկայում ի՞նչ համերգներ և նախագծեր ունեք:
– Այս տարին աննորմալ քանակությամբ համերգներով լի է, չհաշված Երևանում ունեցած բազմաթիվ ելույթներն ու մենահամերգները, հասցրեցինք շրջել Հայաստանի տարբեր մարզերով, հասկացանք, թե ինչքան են մեզ սպասում Երևանից դուրս, նվագեցինք Tbilisi Open Air-ին՝ Թբիլիսիում, մեկ ժամանոց ծրագրով հանդես եկանք Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում «Transkaukazja» փառատոնի շրջանակներում: Այժմ ունենք նախատեսված երկու ելույթ Երևանում, օգոստոսին վերջապես ունենալու ենք մենահամերգ Գյումրիում, դրանից հետո մեկ անակնալ էլ կա գյումրեցիների համար, հնարավոր է մեր ռոքասեր քաղաքներից մեկն էլ գնանք, բայց քանի որ դեռ հաստատված բան չկա, չասենք այդ մասին: Օգոստոսի 22-ին գնալու ենք Վրաստան՝ մասնակցելու «One Caucasus» միջազգային փառատոնին, երկրորդ անգամ ներկայացնելու ենք Հայաստանն այդտեղ: Մնացած առաջարկները և ապագա պլաններն ընթացքի մեջ են և քննարկումների փուլում:
Այս պահին աշխատու՞մ եք նոր երգի վրա կամ ի՞նչ նոր գաղափարներ ունեք:
– Ոչ միայն մեկ երգի այլ մի քանի՝ իրարից շատ տարբեր երգերի վրա ենք աշխատում: Արդեն մեկ ամբողջ ալբոմի երգեր ունենք, որոնք դեռ չենք ներկայացրել հանդիսատեսին: Երգերի մեծ մասի թեմաները փիլիսոփայական են, հիմքում ընկած են տարբեր թեմաներ ժամանակի մասին, արժեքների մասին, ձևականությունների ու մարդկային կեղծ դրսևորումների մասին, կան նաև անձնական երգեր՝ պարզ զգացմունքների մասին: Քանի որ ավելի շատ համերգային գործունեությամբ ենք զբաղված, այս երգերի ձայնագրությունները դեռ չենք կարողանում սկսել:
Վերջին ալբոմը ի՞նչ հաջողություններ գրանցեց: Արդարացվա՞ծ էին ձեր սպասելիքները:
– Քանի որ վերջին ալբոմի երգերի մեծ մասն արդեն ներկայացրել էինք թե՛ live տարբերակով, թե՛ որոշները՝ տեսահոլովակով, կարելի է ասել արդեն մինչև թողարկելը մեծ հաջողություն բերեց մեզ այս ալբոմը և ալբոմում տեղ գտած բոլոր երգերն՝ առանձին-առանձին: Մեր առաջին ալբոմով մեզ ճանաչեցին, իսկ երկրորդով՝ սիրեցին: Իսկ որպես ալբոմ երևույթ դա ավելի շատ մեզ համար էր, որպես այս փուլի ամփոփում: «Nemra»-ի շատ երկրպագուներ ցանկացան ունենալ ալբոմը և շարունակում են գնել այն, ինչի համար շատ ուրախ ենք, քանի որ այս տեխնոլոգիայի և ռոբոտացված դարում, երբ ամեն ինչ կարելի է համացանցում գտնել, կան դեռ մարդիկ ովքեր ցանկանում են սիրելի խմբից ինչ-որ մասնիկ ունենալ, ինչը բավականին ռոմանտիկ երևույթ է: Ընդհանուր առմամբ մեր սպասելիքներն արդարացված են:
Ո՞վքեր են լսում ձեզ, ու՞մ է հասցեագրված ձեր երաժշտությունը:
– Մեզ լսում են այն մարդիկ, ովքեր ունեն զգացմունքներ և սիրում են մտածել, սիրում են իմաստ արտահայտող բառերի վրա հիմնված մեղեդային երգեր, երբեմն համեմված դռայվով, նաև լսում են մարդիկ ովքեր սիրում են բեմում 4 տարբեր բնավորությամբ մարդկանց ստեղծած էներգետիկան՝ անկախ երաժշտությունից և բառերից: Մեր երաժշտությունը հասցեագրված է բացառապես բոլոր մարդկանց՝ անկախ ազգությունից, սեռից, կրոնից, մաշկի գույնից, անգամ, եթե կան այլմոլորակայիններ իրենց էլ է հասցեագրված: Երգերի հիմքում սերն է, անկեղծությունը, անկախ մտածելու կարողությունը, իրերն իրենց անունով կոչելու ունակությունը, թե՛ բացասական, թե՛ դրական երևույթների մասին բարձրաձայնելը:
Ինչպիսի՞ն է Հայաստանում մրցակցային դաշտը: Կա արդյո՞ք համապատասխան միջավայր և պայմաններ լիարժեք առաջ գնալու համար:
– Հայաստանում չկա մրցակցային դաշտ, չկա երաժշտական ինդուստրիա, չկա շոու- բիզնես, կա ընդամենը հարսանեկան բիզնես, իհարկե դժվար է այդ պայմաններում ձայնը հասանելի դարձնել երկրից դուրս, քանի որ չեն գործում երաժշտական բիզնեսի ինստիտուտները, չկան ներդրողներ: Ինչքան էլ ասենք, որ ինտերնետով հիմա ամեն ինչ հնարավոր է, բայց դա այդքան էլ այդպես չէ, քանի որ օրինակ Հայաստանում հրապարակված վիդեոները չեն կարող պատահաբար հայտնվել արտասահմանյան ինչ-որ զարգացած երկրում ապրող օգտատիրոջ Յութուբի էջում, քանի որ, օրինակ՝ Յութուբը դասակարգումներ է անում և, կոպիտ ասած, մենք մնում ենք նույն տեղում փակված՝ մեր սիրելի փոքրիկ երկրի սահմաններում: Մեր դեպքում մի քիչ շարժ կա, քանի որ մեզ շատ են օգնում Վանի և Վասպուրի եղբայրներն Ամերիկայից և մեր բոլոր երգերն ու ալբոմները հասանելի են Apple music-ում, iTunes-ում, Spotify-ում, Amazon-ում, օրինակ վերջերս մեզ ամենաշատը Spotify-ում լսել էին Մեքսիկայում, իսկ երկրորդ հորիզոնականում Բրազիլիան էր: Նաև ինչ-որ առումով դեպի աշխարհ ճանապարհը հնարավոր է լինում հարևան Վրաստանի միջոցով, որտեղ էլ հենց ծանոթացել էինք Լեհաստանի փառատոնի կազմակերպիչներին, որոնք հավանել էին մեր երաժշտությունը և հրավիրեցին նաև Լեհաստանի միջոցառմանը:
Պլաններ կա՞ն մոտ ապագայում համերգային շրջագայությամբ հանդես գալու, ո՞ր երկրներում կցանկանայիք ելույթ ունենալ: Առաջարկներ եղե՞լ են այլ տեղերից:
– Նախընտրում ենք հրապարակել բոլոր առաջարկները, երբ վերջնական կետին են հասնում, քննարկումների փուլում բազմաթիվ առաջարկներ կան, բայց ընդհանրապես փորձը ցույց է տալիս , որ մոտավորապես ամեն 10 առաջարկից մեկն է իրականանում, դրա համար կխոսենք դրանց մասին, երբ իրականությանը մոտ կլինեն: Կցանկանանք ելույթ ունենալ ցանկացած տեղ, որտեղ մեզ սպասում են և կան պատշաճ ներկայանալու համար բավարար պայմաններ…
Հայաստանում որքանո՞վ է տարածված ռոք կուլտուրան: Ինչպիսի՞ն են հայ երկրպագուները, և ի՞նչ մաս են կազմում արտասահմանցիները:
– Եթե հետ ենք նայում անցյալ, Հայաստանում ռոք երաժշտությունն ավելի տարածված էր այն ժամանակ, երբ այն արգելված էր, հնարավոր է մեզ սխալ ինֆորմացիա է հասել, բայց այդպիսի տպավորություն է մեզ մոտ: Անկախությունից հետո ժամանակ առ ժամանակ ինչ-որ առաջընթացներ են լինում այս ոլորտում, հետո լռություն է տիրում: Վերջին տարիներին նաև մեր խմբի շնորհիվ երիտասարդության մեջ շատ ակտիվ տարածում է սկսում գտնել ռոքը, ինչը շատ հաճելի է մեզ համար, չնայած որ մեր նպատակն ամենևին ինչ-որ ժանրի պրոպագանդան չէ, մեզ համար երաժշտությունը երաժշտություն է, կամ հաճելի է կամ ոչ, անկախ ժանրից: Հայ երկրպագուները խենթ են, համենայն դեպս մեր երկրպագուները… Շատ ենք սիրում իրենց, թե նրանց, ովքեր դիմացի շարքերում բղավում ու երգում են մեզ հետ, թե նրանց, ովքեր թաքուն մի անկյունում կանգած վայելում են, մենք բեմից իրենց էլ ենք նկատում: Բնական է՝ Հայաստանում ավելի շատ լսում են հենց հայերը, քանի որ Հայաստանում հիմնականում հայեր են ապրում: Իսկ երկրից դուրս տարբեր անհատներ միշտ գրում են, շատ տարբեր երկրներից, բայց ցավոք դեռ չենք կարողանում այդ բոլոր երկրներում համերգներ ունենալ, քանի որ մեր ֆորմատն ավելի շատ համերգային է, և համերգից հետո են հիմնականում դառնում մեր երկրպագուները: Հայաստանից հետո ամենամեծ լսարանը Վրաստանում է, որտեղ քիչ-քիչ սկսվում է նույնպես «Nemra»-ի ֆաների ընտանիք ձևավորվել:
Կա՞ն Ձեզ համար առանձնահատուկ արտիստներ, ովքեր միշտ իդեալ են եղել կամ ոգեշնչել են Ձեզ:
– Նրանք բազմաթիվ են, նրանք մեր իրական ուսուցիչներն են, դժվար կլինի այդքան արտիստի անուն ներկայացնել: Բայց երկրպագելով նրանց, սիրելով նրանց երգերը, երբեք մինչև վերջ չենք իդեալականացրել նրանց: Շատ մտքեր են եղել նրանց երգերում, որ համամիտ չենք եղել, բայց միշտ գնահատել ենք նրանց տաղանդը: Նաև միշտ ուշադիր ենք եղել երբեք չնմանվել մեր սիրելի արտիստներին, ինչը շատ տարածված բան է այս դաշտում, եթե սկսում ես ինչ-որ մեկին նմանվել, հետո շատ դժվար է այդ կերպարից դուրս գալ և գտնել ինքդ քեզ: Փորձել ենք չստեղծել երգեր, որոնք նման կլինեն ինչ-որ մեկի ստեղծածին: Առաջին օրվանից դա մեր կարևոր սկզբունքներից մեկն է եղել: Երբեմն եղել են երգեր, որ գրել ենք հետո բացահայտել, որ ինչ-որ երգի է նման, որն անգամ մենք չէինք էլ լսել ու ջնջել ենք այդ երգը: Չգիտենք ինչքանով է ստացվում, բայց ամեն դեպքում, միշտ փորձում ենք չնմանվել և լինել այն, ինչ կանք:
Ինչպե՞ս են անցնում փորձերը: Կհիշե՞ք ինչ-որ հետաքրքիր դեպք:
– Փորձերը շատ տարբեր են, լինում են անչափ լարված ու անգամ զայրացնող, լինում են փորձեր, երբ ավելի շատ ծիծաղում ենք, քան փորձ անում, երկու տեսակն էլ շատ օգտակար է լինում խմբի համար: Հիմնականում ամեն անգամ մի հետաքրքիր բան լինում է, բայց այդ ամենին պետք է ականատես լինել, այսպես պատմելով հետաքրքիր չի լինի: Մի անգամ էլ շատ զավեշտալի դեպք եղավ, երբ պայմանավորվել էինք չուշանալ պլանավորած ժամից, բայց բոլորս միասին ուշացած մտանք:
Հեղինակ՝ Լուս Ավագյան