Ամենաարդյունավետ բնական միջոցները, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից ու բորբոքումներից

Առողջ մաշկ ունենալու համար հարկավոր է ուշադրություն դարձնել մի շարք գործոններին, որոնց շարքին է դասվում նաև մաշկի ճիշտ խնամքը, սակայն շատ հաճախ մարդիկ կիրառում են պատրաստի խնամքի միջոցներ, որոնք էլ ավելի են վատթարացնում մաշկի վիճակն ու հանգեցնում են բորբոքումների և բշտիկների առաջացման։ Բարեբախտաբար գոյություն ունեն նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք օգնում են պայքարել բշտիկների ու մաշկի բորբոքումների դեմ՝ թույլ տալով ձեռք բերել առողջ, հարթ ու փայլուն մաշկ, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երեքը:

Թեյի ծառի յուղ

Թեյի ծառի յուղը շատ արդյունավետ միջոց է բշտիկների պատճառ հանդիսացող բակտերիաների դեմ պայքարի համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ 5% թեյի ծառի յուղ պարունակող գելը նույնքան արդյունավետ է, որքան 5% բենզոիլպերօքսիդ պարունակող դեղամիջոցները։ Ընդ որում` այս յուղի գործածությունը չի առաջացնում կողմնակի բարդություններ և չի դառնում մաշկի չորության, գրգռման ու այրոցի պատճառ:

Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ թեյի ծառի յուղը շատ հզոր բնական միջոց է, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել մաքուր վիճակում։ Այս յուղը հարկավոր է խառնել որևէ չեզոք յուղին, իսկ կիրառելուց առաջ անպայման փորձարկել այն մաշկի որևէ փոքր հատվածին։

Օգտագործման եղանակը.

1 կաթիլ թեյի ծառի յուղն ավելացնել 1 թեյի գդալ որևէ յուղին, այնուհետև բամբակյա սկավառակի օգնությամբ խառնուրդը քսել բշտիկներին՝ խուսափելով առողջ մաշկից։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 1-2 անգամ, իսկ դրանից հետո հարկավոր է անպայման խոնավացնող նրբաքսուք քսել։

Կանաչ թեյ

Կանաչ թեյը պարունակում է ֆլավոնոիդներ ու դաբաղանյութեր, որոնք օգնում են պայքարել բորբոքումների և բշտիկներ առաջացնող բակտերիաների դեմ։ Դրա բաղադրության մեջ պարունակվող էպիգալոկատեխին-3- գալլատ հզոր հակաօքսիդանտը նվազեցնում է մաշկային ճարպի արտադրությունն ու նպաստում է հաճախ բորբոքվող մաշկի առողջացմանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի 2-3%-անոց հյութահանուկը մաշկին քսելու դեպքում բշտիկներ ունեցող մարդկանց մաշկն սկսել է շատ ավելի քիչ ճարպ արտազատել։

Օգտագործման եղանակը.

Կանաչ թեյն ավելացնել եռացող ջրին և եփել 3-4 րոպե, թողնել սառչի, այնուհետև բամբակի կամ ցողացիրի միջոցով քսել թուրմը մաշկին։ Թողնել 10 րոպե, այնուհետև լվացվել մաքուր ջրով։ Ցանկության դեպքում կարելի է թուրմը մաշկին քսել քնելուց առաջ և թողնել ամբողջ գիշեր։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 1-2 անգամ։ Պատրաստի թուրմը կարելի է մինչև երկու շաբաթ պահել սառնարանում։

Հալվե վերա

Այս բույսը պարունակում է լուպեոլ, սալիցիլաթթու, միզանյութի ազոտ, դարչնաթթու, ֆենոլներ ու ծծումբ, որոնք շատ արդյունավետ են բշտիկներ առաջացնող բակտերիաների դեմ պայքարի համար։ Մասնագետների խոսքով՝ այս բույսը կարելի է կիրառել ինչպես առանձին դեղամիջոց կամ համադրել այն այլ միջոցների հետ։

Օգտագործման եղանակը.

Հալվե վերայի գելն առանձնացնել տերևներից, այնուհետև քսել բորբոքված մաշկին։ Ցանկության դեպքում հալվե վերայի գելը կարելի է ավելացնել բշտիկների դեմ բուժիչ միջոցին և օգտագործել խառնուրդի տեսքով։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 1-2 անգամ կամ ըստ ցանկության։