Մասնագետը նշել է՝ որոնք են գլխացավի առաջացման հիմնական պատճառները

Գլխացավերն ամենատարածված խնդիրներից են, որոնք մարդիկ սովորաբար մեղմում են ցավազրկող դեղամիջոցներով, սակայն մասնագետները հաճախ են շեշտում, որ խնդրից ազատվելու և դրա կրկնությունը կանխելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել դրա առաջացման պատճառից։ Այնուամենայնիվ շատ քչերը գիտեն, թե ինչը կարող է դառնալ գլխացավի առաջացման պատճառ, ինչի հետևանքով էլ խնդիրը հաճախ է կրկնվում։

Սովորաբար գլխացավերն ասոցացվում են հոգնածության ու լարվածության հետ, սակայն դրանք նման խնդրի միակ պատճառները չեն։ Բժիշկ-նյարդաբան Ռինատ Բոգդանովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում նշել է այն արտասովոր պատճառները, որոնք կարող են հանգեցնել գլխացավի առաջացման։

Մասնագետի խոսքով՝ նման տհաճ խնդրի պատճառ կարող է դառնալ սննդամթերքի որոշակի տեսակների, մասնավորապես, թիրամին պարունակող մթերքի գործածությունը։ Այս տարրը պարունակվում է պանրի, շոկոլադի և ապխտած մթերքի մեջ, ուստի եթե ցավոտ զգացողություններն առաջանում են դրանց գործածությունից հետո, ապա խնդիրը պայմանավորված է թիրամինի ազդեցությամբ։ Բացի այդ, տհաճ զգացողություններ ու գլխացավ կարող են առաջացնել նաև սխալ ընտրված ակնոցը, սթրեսը, քնի ոչ կայուն ռեժիմը, քաղցի զգացումն ու անգամ օծանելիքի բույրը, որը կարող է նույնիսկ շատ հաճալի լինել։

Ինչպես բացատրում է նյարդաբանը, ցավոտ զգացողությունները պայմանավորված են լինում անոթների նեղացմամբ, ինչն ազդում է գլխին մատակարարվող արյան քանակության վրա։ Արյան շրջանառության խանգարման հետևանքով գլխուղեղն այտուցվում է, ինչն էլ հանգեցնում է գլխացավի առաջացման։

«Գլխուղեղը չունի ընկալիչներ և չի կարող ցավել, սակայն անոթային սպազմի պատճառով խանգարվում է արյան շրջանառությունը։ Մարդու մոտ կարող են ի հայտ գալ տհաճ զգացողություններ կամ գլխապտույտ։ Այս դեպքում այտուցվում են գլխուղեղի պատյանները, որոնք արդեն ունեն ընկալիչներ։ Սա կարող է դառնալ ցավի պատճառ»,- բացատրում է մասնագետը՝ ընդգծելով, որ ցավը մեղմվում է, երբ այտուցն անցնում է։