Ադամանդ, շափյուղա և սպիտակ ոսկի․ աշխարհում ամենաթանկարժեք շախմատի հավաքածուն հանվել է վաճառքի (լուսանկարներ)

Ավստրալացի ոսկերիչ Քոլին Բըրնը ստեղծել է շախմատի՝ աշխարհում ամենաթանկարժեք խաղատախտակն ու խաղաքարերը, որոնք Luxury Launches կայքի պնդմամբ՝ կարելի է իսկական արվեստի գործ համարել:

Pearl Royale նմուշը պատրաստված է 18 կարատանոց սպիտակ ոսկուց. խաղաքարերի զարդարման համար օգտագործվել է ադամանդ, շափյուղա և մարգարիտ:

Շախմատային հավաքածուի ստեղծման աշխատանքները բավականին երկար և բարդ են եղել, քանի որ հեղինակը, օգտագործելով միայն անթերի մաքրության թանկարժեք քարեր և ոսկի, նպատակ է ունեցել կատարյալ արվեստի գործ ստեղծել:

Ընդհանուր առմամբ, հավաքածուի զարդարման համար օգտագործվել է 500 կարատ ադամանդ, շափյուղա և մարգարիտ: Նշվում է, որ բացառիկ հավաքածուն ցուցադրվել է ընդամենը մեկ անգամ՝ Բևեռլի Հիլզում:

Այժմ հավաքածուն 4 մլն դոլարով վաճառքի է հանվել: