Մարզիչներ Ռոզա և Քնարիկ Հարությունյանների օգտակար խորհուրդները` ամռանը սպորտով զբաղվելու, սննդակարգը փոխելու և օգտակար բաղադրատոմսերի մասին

Ամռան տապի ու համավարակի պատճառով շատերն են կորցնում տնից դուրս գալու ցանկությունը: Իսկ ֆիզիկական պասիվությունը կարող է հանգեցնել ոչ միայն ավելորդ քաշի, այլև ողնաշարի ու անոթների հետ կապված այլ առողջական խնդիրների: Ֆիթնես մարզիչներ Ռոզա և Քնարիկ Հարությունյանները Showbiz.am-ի հետ զրույցում պատմել են ամռանը մարզվելու կարևորության, շոգ եղանակին հարմար մարզաձևերի, սննդային որոշ սովորություններից հրաժարվելու անհրաժեշտության ու այլ թեմաների մասին, ինչպես նաև մեր ընթերցողների հետ կիսվել համեղ ու առողջարար բաղադրատոմսերով:

– Քանի որ ամռանը շոգ է, ու շատերը էներգիա չունեն մարզասարքերի վրա ծախսելու կամ դրսում` շոգ եղանակին երկար ժամանակ վազելու համար, բայց ամեն դեպքում ցանկանում են քաշ կորցնել, կա՞ այլընտրանքային տարբերակ:

Ռոզա. «Ամռան շոգն իսկապես լուրջ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա` առաջացնելով թուլություն, հոգնածություն և էներգիայի պակաս: Այդ իսկ պատճառով ամռանը մարդիկ ավելի քիչ են սկսում մարզվել: Պայմանները, որոնցում մարզվում եք, շատ կարևոր են, եթե կա անվտանգության նորմերին համապատասխանող, մաքուր, զով դահլիճ կամ մարզասրահ՝ ավելի հեշտ է մարզվել: Իհարկե, հաշվի առնելով հակահամաճարակային կանոններն ու շոգ եղանակը, շատ այլ ծրագրով մարզումներ ևս անցկացվում են` ելնելով մարդկանց առողջական ու ֆիզիկական տվյալներից: Բայց միանշանակ խորհուրդ եմ տալիս ամռանը բոլորին մարզվել, որովհետև այն ամենն, ինչ մենք կորցնում ենք շոգի պատճառով, պետք է փորձենք մարզումների միջոցով վերականգնել, ամրապնդել օրգանիզմի դիմադրողականությունն և ուժեղացնել իմունային ումկանային համակարգը: Մարզումներից հետո մարդն էներգիայով է լցվում, այդ իսկ պատճառով էլ կարևոր է մարզվել ու կոփվել նաև ամռանը»:

– Ի՞նչ վարժություններով սկսել օրը: 

Քնարիկ. «Ելնելով եղանակային պայմաններից՝ այս օրերին նպատակահարմար մարզման տարբերակ է շատերի կողմից սիրված լողը, այնպես որ՝ օրը կարելի է սկսել լողավազան այցելելով: Օրվա առույգ ու առողջ սկզբի համար նաև շատ լավ տարբերակներ են յոգան ու բոդիֆլեքսը (շնչառական մարմնամարզություն), սրանք իսկապես շատ արդյունավետ մարզումներ են, և այս օրերի համար ես խորհուրդ եմ տալիս հենց լողով, յոգայով ու շնչառական մարմնամարզությամբ զբաղվել, եթե շոգի պատճառով խուսափում եք մարզասրահ կամ այլ խմբակային կարդիո պարապմունքների հաճախել»:

– Ճի՞շտ է, որ ամռանն ավելի հեշտ է քաշ կորցնելը: Ինչու՞ է այդպես:

Ռոզա. «Այո, ամռանն ավելի հեշտ է տեղի ունենում նիհարելու պրոցեսը, քանի որ շոգ եղանակին օրգանիզմում ճարպի այրումն ավելի է արագանում, ինչն էլ բերում է քրտնարտադրության: Դրա միջոցով էլ մարդն արագ քաշ է կորցնում»:

– Ամառվա ընթացքում սննդային ի՞նչ սովորություններից է պետք հրաժարվել:

Քնարիկ. «Սննդի մասին խոսելուց առաջ կցանկանամ անդրադառնալ ջրի օգտագործման կարևորությանը: Քանի որ դրսում իսկապես շատ բարձր ջերմաստիճան է, մարդը քրտնարտադրության միջոցով շատ հեղուկ է կորցնում, ու օրգանիզմը կարող է շատ կարճ ժամանակահատվածում ջրազրկվել: Դրա համար օրվա ընթացքում օրգանիզմը լրացուցիչ պետք է ստանա իրեն պակասող ջրի քանակը: Ամռանը շատ հեշտ է առողջ սնվելը: Գոնե այս եղանակին, երբ ունենք բանջարեղենի, կանաչեղենի ու մրգի լայն տեսականուց օգտվելու հնարավորություն, պետք է խուսափել բարձր կալորիականությամբ մթերքներից, արագ սննդի կետերից, որտեղ շատ յուղոտ սնունդ է առաջարկվում, ինչպես նաև շաքարի բարձր պարունակությամբ ուտելիքներից: Խորհուրդ ենք տալիս նաև դետոքսային ըմպելիքներ` մրգերով ու բանջարեղենով, որոնք ապահովում են վիտամինների անհրաժեշտ քանակը: Դրանցից երկուսն առանձնացրել եմ ու ուզում եմ հենց դրանց մասին խոսել: Երկուսի դեպքում էլ պատրաստման եղանակը նույնն է` բոլոր բաղադրիչները պետք է լցնել հարիչի մեջ և հարել մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված հյութը պետք է լցնել բաժակի մեջ ու օրվա ընթացքում խմել: Առաջին ըմպելիքի բաղադրիչներն են` 100 գր. վարունգ, կես կիտրոն, նարինջի 1/4 մասը, 700 մլ. սառը ջուր և մեկ բուռ անանուխի տերևներ: Իսկ երկրորդ ըմպելիքի համար անհաժեշտ է 300 մլ. ջուր, 1 կանաչ խնձոր, 1 տանձ, 200 գր. կաղամբ, 60 գր. թարմ անանուխ, մի փոքր դարչին, 1-2 ճաշի գդալ մեղր, մեկ ամբողջական կիտրոնի կամ լայմի հյութ:

– Ամռանը կա՞ սպորտով զբաղվելու նպատակահարմար ժամ: Ե՞րբ է ավելի արդյունավետ դառնում մարզումը և կա՞ն ժամեր, որոնց ընթացքում խորհուրդ չի տրվում ծանրաբեռնվել:

Ռոզա. «Այն մարդկանց, որոնք այս ընթացքում պարաստվում են մարզվել դրսում` մաքուր օդին, բնակականբար խորհուրդ կտամ առավոտյան ժամերը, ավելի հստակ` 7-ից 9-ը ընկած ժամանակահատվածում կամ արդեն երեկոյան այն ժամերին, երբ օդը զովանում է: Իսկ այն մարդիկ, ովքեր մարզասրահում են մարզվում, ցանկացած ժամի կարող են հաճախել, քանի որ օդափոխության համակարգի առկայության դեպքում խնդիր չի առաջանում»:

Հեղինակ` Դիանա Զաքարյան