Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում. Forbes

Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում` ըստ իրական ժամանակում փոփոխվող Forbes Real-Time վարկանիշի տվյալների:

Երկուշաբթի՝ հուլիսի 20-ին, Tesla-ի բաժնետոմսերի վաճառքի արդյունքների շնորհիվ Մասկի ունեցվածքը գնահատվել է 74,2 միլիարդ դոլար, նա 1,3 միլիարդ դոլարով շրջանցել է վեցերորդ հորիզոնականը զբաղեցնող Ասիայի ամենահարուստ մարդուն ՝ Մուկեշ Ամբանիին:

Աղբյուրը տեղեկացնում է, որ դեռևս այս տարվա սկզբին Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում էր ընդամենը 37-րդ հորիզոնականը: Նրա կարողությունն աճել է Tesla-ի բաժնետոմսերի գներին զուգահեռ: Հուլիսի 20-ին դրանք թանկացել են 9,5%-ով, այսինքն՝ մինչև 1643 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց: Հունիսի 29-ից սկսած երեք շաբաթվա ընթացքում դրանց արժեքն աճել է 60%-ով: Տարվա սկզբից աճը կազմել է 300%:

Այժմ Tesla-ն ոչ միայն աշխարհի ամենաթանկարժեք ավտոարտադրող ընկերությունն է՝ շուրջ 304,5 միլիարդ դոլար շուկայական կապիտալիզացիայով, այլ նաև ավելի թանկ է գնահատվում, քան Ford, Ferrari, General Motors և BMW ընկերությունները միասին վերցված:

Միևնույն ժամանակ, Tesla-ի արժեքի աճը շփոթեցրել է որոշ ներդրողների, որոնք նշում էին, որ ընկերությունը շատ ավելի փոքր է, քան իր մրցակիցները, և միայն վերջերս է սկսել եռամսյակային շահույթ ապահովել: Այս տարվա առաջին եռամսյակում Tesla-ն արտադրել է 103 000 ավտոմեքենա, մինչդեռ Toyota-ն, որը մինչև վերջերս համարվում էր աշխարհի ամենաթանկ ավտոարտադրողը, նույն ժամանակում արտադրել է 2,4 միլիոն ավտոմեքենա:

Այսպիսով՝ Իլոն Մասկը դարձել է աշխարհի 5-րդ ամենահարուստ մարդը: Աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, երկրորդ հորիզոնականում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: