Ինչպե՞ս ճիշտ ընտրել ըմպելիքները մաշկի վաղաժամ ծերացումից խուսափելու համար

Օրգանիզմի ծերացումը բնական գործընթաց է, որից խուսափելն անհնարին է, սակայն երբեմն մարդու սովորություններն ու կենսակերպը նպաստում են վաղաժամ ծերացմանը, որն առաջին հերթին անդրադառնում է մաշկի վրա:

Ներկայում կան մաշկի երիտասարդությունը պահպանելու բազում միջոցներ ու մեթոդներ, սակայն դրանք, այնուամենայնիվ, բավական արդյունավետ չեն լինի սխալ կենսակերպ վարելու և օրգանիզմը բավականաչափ չխոնավացնելու դեպքում:

Մասնագետների խոսքով՝ մաշկի վրա  բացասաբար անդրադարձող առաջին գործոնն օրգանիզմում ջրի քրոնիկ դեֆիցիտն է, ինչպես նաև բջիջների թերսնուցումն ու օրգանիզմի «աղտոտվածությունը», որոնք նույնպես կարող են պայմանավորված լինել հեղուկի պակասով: Հարկ է հիշել, որ շլակներն ու տոքսիններն օրգանիզմից դուրս են գալիս արտաթորանքի և քրտինքի միջոցով, ուստի ջրի պակասի դեպքում զարմանալի չէ, որ վնասակար տարրերը կուտակվում են օրգանիզմում՝ հանգեցնելով վաղաժամ ծերացման և առողջական մի շարք խնդիրների զարգացման:

Սա է պատճառը, որ նման խնդիրներից խուսափելու և մաշկի թարմությունը պահպանելու համար մասնագետները հորդորում են օրական առնվազն 2-2,5 լիտր մաքուր ջուր խմել: Միևնույն ժամանակ բժիշկները նախազգուշացնում են, որ «ջուր» ու «հեղուկ» հասկացությունները ոչ մի դեպքում չի կարելի շփոթել, քանի որ ոչ բոլոր հեղուկներն են օգտակար, իսկ երբեմն էլ սխալ ընտրված ըմպելիքներն էլ ավելի են արագացնում ծերացման գործընթացը:

Սուրճ

Սուրճը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել  ջրի փոխարեն, քանի որ ի տարբերություն ջրի, այն ոչ թե խոնավացնում է օրգանիզմը, այլ ջրազրկում է այն: Սուրճն օժտված է միզամուղ հատկություններով, ուստի դուրս է բերում հեղուկն օրգանիզմից՝ արագացնելով մաշկի ծերացման գործընթացը: Նման խնդիրներից խուսափելու համար սուրճի սիրահարներին խորհուրդ է տրվում ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող մաքուր ջրի քանակությունը:

Սև թեյ

Միզամուղ հատկություններով է օժտված նաև սև թեյը, ուստի մասնագետները խորհուրդ չեն տալիս օրական երեք բաժակից ավելի թեյ խմել: Միևնույն ժամանակ մաշկի ծերացումից խուսափելու համար հարկավոր է ավելի շատ ջուր խմել:

Կանաչ թեյ

Այս ըմպելիքը պարունակում է թեոֆիլին՝ նյութ, որը նույնպես կարող է բավական հզոր միզամուղ ազդեցություն ունենալ: Սա է պատճառը, որ այն նույնպես չի կարելի դասել օրգանիզմը խոնավացնող ըմպելիքների շարքին:

Գազավորված հանքային ջուր

Այս ըմպելիքը հաճախ է օգտագործվում ջրի փոխարեն, սակայն հարկ է հիշել, որ ածխաթթու գազը, որով հագեցվում է  նման օգտակար հանքային ջուրը, հանգեցնում է օրգանիզմում թթվահիմնային բալանսի խանգարման, ինչը նշանակում է, որ այն կարող է դառնալ մաշկի վաղաժամ ծերացման պատճառ:

Պատրաստի հյութեր

Պատրաստի «բնական» հյութերը գերհագեցած են շաքարով, որը չեզոքացնելու համար օրգանիզմին մեծ քանակությամբ մաքուր ջուր է պետք: Այս դեպքում հյութի փոխարեն հիանալի այլընտրանքային տարբերակ կարող են լինել թարմ սմուզիները, որոնք հարուստ են վիտամիններով, ուստի շատ օգտակար են մաշկի երիտասարդության պահպանման համար:

Այսպիսով հարկ է հիշել, որ օրգանիզմի համար անհրաժեշտ խոնավության լավագույն աղբյուրը մաքուր ջուրն է, ուստի օրական հարկավոր է խմել առնվազն 2-2,5 լիտր ջուր: Ջրի պակասի դեպքում օրգանիզմն այն փորձում է ստանալ ցանկացած այլ հեղուկից, ինչը գերծանրաբեռնում է արդեն իսկ ծանրաբեռնված երիկամները և կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Նման դեպքերում շատ ավելի հեշտ է ժամանակին ջուր խմելն ու օրգանիզմը խոնավացնելը, քան հետագայում նման բարդությունների բախվելն ու վաղաժամ ծերացման և առողջական մի շարք վտանգավոր խնդիրների դեմ պայքարելը: