Թինա Կանդելակին բացատրել է, թե ինչու է հրաժարվել կորպորատիվ միջոցառումներ վարել

Հայկական արմատներով ռուսաստանաբնակ վրացի պրոդյուսեր և հաղորդավարուհի Թինա Կանդելակին ինստագրամյան իր էջում պատասխանել է հետևորդների կողմից հաճախ տրվող հարցին առ այն, թե ինչու արդեն 10 տարուց ավելի չի վարում կորպորատիվ միջոցառումներ:

«Լավ եմ հիշում իմ վերջին միջոցառումը, որ վարում էի Իվան Ուրգանտի հետ: Հոբելյարն իմ նկատմամբ կամ անտարբեր չէր, կամ ես ինչ-որ կերպ նյարդայնացրել էի նրան: Ինչն էլ լիներ պատճառը, փաստը մնում է փաստ՝ նա ամբողջ երեկո ինձնից հեռու չէր գնում: Պետք է ասեմ, որ մարդկանց այդպիսի տեսակն ուղեկցել է ինձ իմ ամբողջ «կորպորատիվային կարիերայի» ընթացքում: Միգուցե նրանք ցանկանում էին իմ հարցազրույցների հերոսները դառնալ, կամ այնքան շատ էին շփում ուզում, որ զգացմունքներին ազատություն էին տալիս սեփական միջոցառումների ժամանակ»,- գրել է Կանդելակին:

Նա պատմել է, որ հենց այդ ժամանակ հարցը քննարկել է իր ընկերներից մեկի հետ, որը հաջողակ գործարար է: Ընկերը Կանդելակիին առաջարկել է «ստվերում մնալ», ինչին հաղորդավարուհին միանգամից չի համաձայնել, քանի որ կորպորատիվների շնորհիվ լավ գումար էր վաստակում և կարողանում էր ընտանիքին լավ կյանքով ապահովել:

«Իսկ դու փորձիր: Եթե չփորձես, այլ կերպ գումար չես էլ կարող գտնել: Եթե հրաժարվես, այո, դժվար կլինի, որոշակի փորձություններով կանցնես և հաստատ այլ միջոց կգտնես գումար աշխատելու: Եթե չգտնես էլ, կվերադառնաս՝ արդեն հասկանալով, որ դա է քո մակարդակը»,- ընկերոջ խոսքերը մեջբերել է Կանդելակին:

Այդ խոսակցությունն այն «վերջակետն» է դարձել, որից հետո հաղորդավարուհին հրաժարվել է նման միջոցառումներ վարել: Չնայած դրան, մինչև հիմա էլ առաջարկները շատ են:

«Իմ տնօրեն Թաբրիզը հարցն իր ձևով է լուծում` անընդունելի բարձր գին առաջարկելով: Ամենահամառ ցանկացողները սպառնում են անձամբ զանգահարել ինձ, բայց փառք Աստծո, դեռևս ոչ ոք չի կարողացել զանգահարել»,- պատմել է Կանդելակին:

Շատ օգտատերեր մեկնաբանություններում գրել են, որ անցնում են իրենց կյանքի նմանատիպ փուլով. նրանք փորձում են փոխել իրենց սովորական աշխատանքը և հայտնվել ինչ-որ նոր ոլորտում: