Գիտնականները ճերմակած մազերից ազատվելու պարզ միջոց են հայտնաբերել

Մազերի ճերմակումն անդառնալի գործընթաց է, որին վաղ թե ուշ բախվում են բոլորը, սակայն ամերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ճերմակած վարսերի գույնն իրականում կարելի է հեշտությամբ վերականգնել։ Ինչպես գրում է «РИА Новости»-ին, Կոլումբիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ ավելի հանգիստ կյանքով ապրելն ու քիչ անհանգստանալը կօգնի ազատվել ճերմակած վարսերից։

«Հոգեհուզական վիճակի կարգավորումից հետո ճերմակած վարսերի քանակը նվազում է», – նշում են մասնագետները։

Գիտական աշխատանքի շրջանակներում փորձագետներն ուսումնասիրել ու վերլուծել են 400 մազի հետազոտության արդյունքները, որոնք վերցված էին 14 կամավորից։ Մասնագետները համադրել են մազերի որոշակի հատվածների վիճակը մարդու կյանքի փուլերի հետ՝ հաշվի առնելով, որ մեկ ամսում մարդու մազը կարող է երկարել մոտ մեկ սանտիմետրով։

Որպես օրինակ գիտնականները ներկայացրել են մասնակիցներից մեկի մազերի վիճակը։ Հետազատությունը ցույց է տվել, որ ապահարզանի և բնակության այլ վայր տեղափոխվելու ընթացքում կնոջ մազերը ճերմակել էին, սակայն նրա կյանքում սթրեսի մակարդակի նվազումից ու հոգեհուզական վիճակի կարգավորումից հետո մազերի բնական գույնը վերականգնվել է։

Նմանատիպ փոփոխություններ գիտնականները նկատել են տարբեր տարիքային խմբի ևս մի քանի մասնակցի մոտ։ Ընդ որում՝ մասնագետների խոսքով՝ մազերի ճերմակելու և վերականգնվելու համար մոտ երեք ամիս է պահանջվում։