Լավագույն բնական դիմակները մազարմատներն ամրապնդելու և փարթամ ու առողջ վարսեր ունենալու համար

Փարթամ ու առողջ վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգը, մազերի հարդարման վնասակար միջոցների գործածությունն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի, աճի ու տեսքի վրա։ Այս ամենի հետևանքով մազերը վնասվում են, թուլանում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը, ինչը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար։

Նման խնդիրներից խուսափելու և մազարմատներն ամրապնդելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ դիմակներ ու կոնդիցիոներներ, սակայն դրանք պարունակում են քիմիական վնասակար տարրեր և ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել պատրաստի խնամքի միջոցներից և նախապատվությունը տալ բնական դիմակներին, որոնք արդյունավետ են, շատ ավելի հասանելի և չեն պարունակում որևէ վնասակար բաղադրիչ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները մազարմատներն ամրապնդելու և փարթամ ու առողջ վարսեր ունենալու համար։

  • Խառնել մեկական թեյի գդալ կեչու տերևները, գայլուկի կոներն ու վաղենակի չորացրած ծաղիկները, այնուհետև խառնուրդին ավելացնել մեկ բաժակ բաց գույնի տաք գարեջուր, թրմել մեկ ժամ և քամել։ Ստացված հեղուկը հարկավոր է քսել գլխամաշկին ու մազերին, մի փոքր մերսել, իսկ կես ժամ անց լվանալ գլուխը։
  • 1 ճաշի  գդալ չոր մանանեխի փոշուն ավելացնել 2 ճաշի գդալ գոլ կռատուկի յուղ և  մեկ ձվի դեղնուց ու լավ խառնել։ Քսել դիմակը գլխամաշկին ու մազերին, թողնել խառնուրդը 10 րոպե, այնուհետև լվանալ մազերը։
  • 1 թեյի գդալ չոր մանանեխին ավելացնել 3 ճաշի գդալ կեֆիր, լավ խառնել ու քսել դիմակը գլխամաշկին ու մազերին։ Թողնել խառնուրդը 10 րոպե, այնուհետև լվանալ մազերը։
  • Շատ օգտակար կարող է լինել նաև մազերին մի փոքր տաքացրած կռատուկի յուղ կամ ձիթայուղ քսելը։ Այս պրոցեդուրան խորհուրդ է տրվում կրկնել շաբաթական երկու անգամ։

Այս պարզ բնական միջոցը կարող է շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ մազերի որակի և տեսքի վրա կարող են բացասաբար անդրադառնալ նաև օրգանիզմում տեղի ունեցած որոշ խանգարումները, ուստի վարսերի առողջական վիճակի վատթարացումը ոչ միշտ է լինում զուտ կոսմետիկ խնդիր և նման միջոցների կիրառումի չի օգնի ազատվել հիմնական խնդրից։ Նման դեպքերում մինչ այս դիմակը կիրառելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։