Ամստերդամում գործող Mercer ընկերությունը հայտնել է վեգանիզմի հետևորդների համար նախատեսված մարզակոշիկների ստեղծման մասին՝ մանրամասնելով, որ դրանք կարվել են գինու մնացորդներից ստեղծված կաշվից:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, W3RD Wine Pack կոչվող մարզակոշիկները վաճառքում կհայտնվեն տարեվերջին՝ 294 դոլարով: Դրանք Mercer բրենդի գարուն/ամառ-2021 հավաքածուի մաս են կազմում:
Դրանք ստեղծվել են Mercer և Vegea ընկերությունների համագործակցության արդյունքում: Հայտնի է, որ Vegea-ն մասնագիտացած է գինու արտադրական գործընթացի մնացորդները կաշվի վերածելու ուղղությամբ:
Մարզակոշիկների ստեղծման հարցում օգտագործվել է ոչ միայն գինու կաշի, այլև պլաստիկ շշերի, ինչպես նաև ջրիմուռների վերամշակումից առաջացած հումք:
Ինչ վերաբերում է գինուց առաջացած կաշվին, ապա այն 100%-ով վեգան է, ամուր, փափուկ, հարթ, դիմացկուն, ինչպես նաև ենթակա է վերամշակման:
Վեգանությունը (վեգանիզմ) կենսակերպ և աշխարհայացք է, որն ուղղված է հագուստի, սննդի և այլ ցանկացած նպատակով կենդանիների նկատմամբ դաժանության և շահագործման տարբեր հնարավոր ձևերի բացառմանը, ոչ կենդանական այլընտրանքների օգտագործմանն ու զարգացմանը նպաստելուն՝ ի շահ մարդկանց, կենդանիների և շրջապատող միջավայրի: Վեգանության սկզբունքներին հետևող մարդկանց անվանում են վեգաններ: Նրանք խուսափում են սննդի մեջ կենդանական ծագում ունեցող սննդամթերքների օգտագործումից: Վեգանները չեն օգտագործում նաև կենդանիների մորթին, կաշին, մետաքսը և բուրդը, հանդես են գալիս կենդանիների հանդեպ փորձարկումների և շոու բիզնեսում դրանց օգտագործման դեմ: Վեգաններն անգամ տանը ընտանի կենդանիներ չեն պահում։