Իլոն Մասկը վիճահարույց գրառումից հետո Եգիպտոս այցելելու և բուրգերն անձամբ ուսումնասիրելու հրավեր է ստացել

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Եգիպտոսի կառավարության անդամներից մեկից երկիր այցելելու և Գիզայի բուրգերն անձամբ տեսնելու հրավեր է ստացել այն բանից հետո, երբ ենթադրել է, որ Հին աշխարհի հրաշալիքներից մեկը կառուցել են այլմոլորակայինները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիրն այս մասին գրել է իր թվիթերյան էջում:

«Ակնհայտ է, որ այլմոլորակայիններն են կառուցել բուրգերը»,- գրել է միլիարդատերը, որի գրառմանն արձագանքել է Եգիպտոսի միջազգային համագործակցության հարցերով նախարար Ռանիա ալ Մաշաթը:

«Մեծ հիացմունքով եմ հետևում Ձեր գործունեությանը: Ձեզ և Space X-ին հրավիրում եմ ուսումնասիրելու բուրգերի կառուցման մասին արձանագրություններն ու դրանց կառուցողների դամբարանները: Պարոն Մասկ, մենք Ձեզ սպասում ենք»,- գրել է նախարարը։

Հայտնի է, որ Մասկի թվիթերյան գրառումը հավանել է ավելի քան կես միլիոն հետևորդ: