3 արդյունավետ կարճատև դիետա ավելորդ կիլոգրամներից ազատվելու և օրգանիզմը մաքրելու համար

Ավելորդ քաշն ու ճարպակալումը ներկայում մարդկության մեծագույն խնդիրներից են, քանի որ համարվում են ոչ միայն էսթետիկ խնդիր, այլև առողջական: Բանն այն է, որ դրանք զգալիորեն բարձրացնում են մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների և քաղցկեղի զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ բժիշկները հորդորում են օր առաջ լուծել այս խնդիրն ու կարգի բերել կազմվածքը։

Մարզիչներն ու սննդաբանները մշակել են տարատեսակ դիետաներ ու մարզումներ, որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ, սակայն հաճախ դրանք բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա կամ պարզապես անարդյունավետ են լինում: Կանն նաև շատ արդյունավետ դիետաներ, սակայն դրանց օգնությամբ ցանկալի արդյունքին հասնելու համար բավական մեծ կամքի ուժ և ժամանակ է հարմավոր, մինչդեռ լինում են դեպքեր, երբ հարկավոր է լինում ազատվել ավելորդ կիլոգրամներից հնարավորինս կարճ ժամանակահատվածում:

Նման դեպքերում օգնության են հասնում բեռնաթափման օրերն ու նույն սկզբունքների վրա կազմված կարճատև դիետաները, որոնք ընդամենը երեք, չորս կամ հինգ օրում կօգնեն ազատվել 3 կգ և անգամ ավելի ավելորդ քաշից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ դիետաներից մի քանիսը:

Եռօրյա սննդակարգ օրգանիզմի բեռնաթափման համար

1-ին օրվա սննդակարգը.

Առաջին օրը հարկավոր է 250 գրամ հնդկաձավարը խաշել ու շիլա պատրաստել, բաժանել այն հինգ մասի և ուտել օրվա ընթացքում: Այս շիլային չի կարելի որևէ այլ բաղադրիչ ավելացնել (աղ, յուղ, համեմունքներ և այլն):

2-րդ օրվա սննդակարգը.

  • Նախաճաշին՝ 100 գրամ հավի խաշած փափկամիս, 2 հատ թարմ վարունգ,
  • Լանչին՝ 100 գրամ հավի փափկամիս պատրաստված ջեռոցում,
  • Ճաշին՝ 100 գրամ հավի խաշած փափկամիս և հազարի թերթիկներ,
  • Հետճաշիկին՝ 100 գրամ հավի փափկամիս պատրաստված ջեռոցում,
  • Ընթրիքին՝ 100 գրամ հավի խաշած փափկամիս և 1-2 վարունգով, հազարի թերթիկներով ու կանաչեղենով աղցան:

3-րդ օրվա սննդակարգը.

Դիետայի երրորդ օրը հարկավոր է օգտագործել միայն կեֆիր: Հարկավոր է օրվա ընթացքում 5 անգամ 250 մլ կեֆիր խմել: Սաստիկ քաղցի դեպքում քնելուց առաջ նույնպես թույլատրվում է կեֆիր խմել:

Քառօրյա սննդակարգ օրգանիզմի բեռնաթափման համար

Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը.

  • Նախաճաշին՝ մի բաժակ կեֆիր,
  • Լանչին՝ ջեռոցում պատրաստված կարտոֆիլ,
  • Կեսօրին՝ մի բաժակ կեֆիր,
  • Ճաշին՝ մի բաժին հավի խաշած փափկամիս,
  • Հետճաշիկին՝ 2 հատ վարունգ,
  • Ընթրիքին՝ կաթնաշոռ,
  • Քնից 1-2 ժամ առաջ կարելի է խմել ևս մեկ բաժակ կեֆիր:

Հինգօրյա սննդակարգ օրգանիզմի բեռնաթափման համար

Սննդակարգը.

  • Նախաճաշին՝ 100 գրամ կաթնաշոռ, թարմ վարունգ ու կանաչեղեն,
  • Լանչին՝ 1 հատ խնձոր,
  • Ճաշին՝ 100 գրամ կաթնաշոռ (կարելի է կանաչեղենով ու կաղամբով),
  • Հետճաշիկին՝ 1 հատ լոլիկ,
  • Ընթրիքին՝ 100 գրամ պինդ պանիր, մինչև 150 մլ գինի կամ կանաչ թեյ:

Այս կարճատև դիետաները կօգնեն հեշտությամբ կարգի բերել կազմվածքն ու մաքրել օրգանիզմը, սակայն հարկ է հիշել, որ ստացված արդյունքը պահպանելը կարող է շատ ավելի դժվար լինել: Բանն այն է, որ նման «էքսպրես-դիետաները» թույլ են տալիս կարճ ժամանակահատվածում ազատվել զգալի ավելորդ քաշից, սակայն այն շատ արագ կվերականգնվի անկանոն սնվելու, անառողջ ու բարձր կալորիականություն ունեցող մթերք օգտագործելու և նստակյաց կենսակերպ վարելու դեպքում: Սա է պատճառը, որ դիետայից հետո քաշի կտրուկ ավելացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին վերանայել սննդակարգը, խուսափել վնասակար սննդից և լինել ֆիզիկապես ակտիվ: