Աշխարհի ամենաթանկարժեք նկարի պատմությունը կներկայացվի բրոդվեյյան մյուզիքլի տեսքով

Աշխարհի ամենաթանկարժեք նկարի շուրջ պտտվող առեղծվածային և ուշագրավ պատմությունը նորովի կներկայացվի 2022 թվականին Նյու Յորքում բեմադրվելիք բրոդվեյյան մյուզիքլի տեսքով:

Ինչպես հայտնում է CNN-ը, մյուզիքլը կկոչվի Salvator Mundi («Սալվատոր մունդի»՝ «Աշխարհի փրկիչը»), ինչպես և Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ կտավը: Այն կներկայացնի Վերածննդի դարաշրջանի ամենանշանավոր գործերից մեկի՝ Քրիստոսի պատկերի պատմության ժամանակագրությունը: Կտավը հարյուրավոր տարիներ կորած էր համարվում և գտնվել է միայն այս դարում:

Ներկայացման սցենարիստ դեբորա Գրեյս Ուայների խոսքով՝ Դա Վինչիի ստեղծագործությունը բավականին հետաքրքիր պատմություն ունի բեմադրելու համար և «կարող է համեմատվել շեքսպիրյան գործերի հետ»:

26 դյույմ երկարությամբ կտավը ստեղծվել է Ֆրանսիայի Լուի XII արքայի պատվերով 1500-ականներին, սակայն վնասվելուց և մուգ գույնով պատվելուց հետո դարեր շարունակ ենթադրվում էր, որ այն մեկ այլ՝ ոչ այնքան հայտնի նկարչի կողմից ստեղծված կրկնօրինակն է: 2005 թվականին նկարը մոտ 10 000 դոլարով վաճառվել է որպես բնօրինակի պատճեն: Այնուհետև ինֆրակարմիր տեխնոլոգիայի միջոցով հաջողվել է պարզել, որ այն ստեղծվել է հենց դա Վինչիի ձեռքով:

Այն ցուցադրվել է 2011-ին Լոնդոնյան պատկերասրահում, հետագայում՝ 2017 թվականին, Ամենափրկչի նկարը ռեկորդային՝ 450.3 մլն դոլարով վաճառվել է Christie’s աճուրդի տան կողմից: Այդ օրվանից հետո նկարը որևէ տեղ չի երևացել:

Առեղծվածային պատմությունը շարունակություն ստացավ, երբ 2018 թվականին Աբու Դաբի Լուվր թանգարանը հետաձգեց նկարի ցուցադրությունը: Կարծիք կա, որ այն պահվում է Ժնևում կամ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի անձնական զբոսանավում: