3 պարզ ու արդյունավետ դիմակ մաշկը սնուցելու, խոնավացնելու և երիտասարդացնելու համար

Առողջ, նուրբ ու խնամված մաշկ ունենալու համար հարկավոր է անպայման սնուցել ու խոնավացնել այն համապատասխան դիմակներով, սակայն խնդիրն այն է, որ պատրաստի կոսմետիկ միջոցները պարունակում են մի շարք կողմնակի բաղադրիչներ, որոնք կարող են անցանկալի ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բնական դիմակներին, որոնք և ավելի անվնաս են, և ավելի հասանելի:

Բանանով ու մեղրով դիմակ

Անհրաժեշտ է.

  • 2 ճաշի գդալ բանանի խյուս,
  • 1 թեյի գդալ մեղր,
  • 1 ճաշի գդալ նարնջի հյութ (ըստ ցանկության):

Օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները լավ խառնել, քսել մաքուր մաշկին և թողնել 20 րոպե: Լվանալ մաշկը գոլ ջրով և չորացնել նուրբ սրբիչով: Այս խառնուրդը համարվում է մաշկը սնուցելու և խոնավացնելու լավագույն միջոցներից մեկը:

Հալվեով ու վարունգով դիմակ

Անհրաժեշտ է.

  • հալվեի 1 տերև,
  • 1 հատ փոքր վարունգ:

Օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները կոտորակիչով լավ մանրացնել, այնուհետև քսել մաշկին ու մի փոքր մերսել: Թողնել դիմակը կես ժամ, այնուհետև լվացվել սառը ջրով ու չորացնել մաշկը նուրբ սրբիչով: Այս դիմակը ոչ միայն սնուցում է մաշկը, այլև խոնավեցնում է, բուժում մաշկային խնդիրներն ու օգնում կանխել մաշկի վաղաժամ ծերացումը:

Խմորիչով ու մեղրով դիմակ

Անհրաժեշտ է.

  • 1 ճաշի գդալ գարեջրի խմորիչ,
  • 1 թեյի գդալ մեղր,
  • 1 ճաշի գդալ գոլ կաթ:

Օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները խառնել, այնուհետև ստացված զանգվածը քսել մաշկին ու թողնել 15 րոպե: Լվանալ մաշկը գոլ ջրով և չորացնել նուրբ սրբիչով: Այս դիմակը պարունակում է մի շարք կարևոր վիտամիններ ու հանքանյութեր, ինչի շնորհիվ օգնում է պահպանել մաշկի առողջությունը, սնուցում ու խոնավեցնում է այն և կանխում է կնճիռների առաջացումը: