Աշխարհահռչակ բրենդներ, որոնք ծանր իրավիճակում են հայտնվել կորոնավիրուսի և կարանտինի հետևանքով

Համավարակի և կարանտինային ռեժիմի հետևանքով մի շարք ոլորտներ հայտնվել են բավականին դժվարին իրավիճակում. կազմակերպությունները փակվում են, տեղի են ուենում կրճատումներ, աշխատավարձերը նվազում են։ Ամենից շատ տուժող ոլորտներից է նորաձևությունը:
Ralph Lauren-ը ներկայացրել է 2020-ի առաջին եռամսյակի վաճառքի զեկույցը: Փաստաթղթի համաձայն՝ բրենդի ֆինանսական կորուստները կազմել են մոտ 130 մլն դոլար, իսկ վաճառքի մակարդակը նվազել է 66 տոկոսով:
Ընկերության նախագահ Պատրիս Լուվեն նշել է, որ վնասների հիմնական պատճառը կորոնավիրուսի և գրեթե բոլոր խանութների փակման հետևանքով առաջացած ճգնաժամն է:

Hugo Boss-ը հայտնել է 2020թվականի երկրորդ եռամսյակում վաճառքների մակարդակի 59 տոկոս նվազման մասին՝ մինչև 275 մլն դոլար։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընկերությունը ստիպված է եղել փակել ամբողջ աշխարհում իր խանութների ավելի քան 50 տոկոսը։

Վերջերս հայտնի դարձավ, որ Stella McCartney ապրանքանիշը ծրագրում է կրճատել հաստիքացուցակը, անորոշ ժամկետով նվազեցնել որոշ աշխատակիցների աշխատավարձը, ինչպես նաև նվազեցնել նախագծերի ու միջոցառումների ծախսերը։
Stella McCartney-ն, ոլորտում մի շարք այլ ընկերությունների պես, այս պահին շատ բարդ շրջան է անցնում և շատ բան է վերանայում՝ բիզնեսը համապատասխանեցնելու փոխվող տնտեսությանը։ Առայժմ որևէ որոշում չի կայացվել աշխատակիցների ազատման մասին, մենք զրույցներ ենք անցկացնում անձնակազմի հետ՝ մեր ընկերության ապագա կառուցվածքը հասկանալու համար»,- հայտնել էր ապրանքանիշի գլխավոր տնօրեն Գաբրիել Մաջիոն։

Լյուքս դասի ապրանքանիշ Burberry-ի 2020թ.-ի առաջին եռամսյակի եկամուտը կրճատվել է 48,4 տոկոսով: Բրենդի ղեկավար Մարկո Գոբետին ասում է, որ COVID-19-ը ազդել է ոչ միայն այս ընթացքի եկամտի վրա, այլ շարունակելու է ազդեցություն գործել հետագա ամիսների եկամտի վրա:
Ֆինանսական ջախջախիչ կորուստներից խուսափելու համար բրդենը ծրագրում է կրճատել իր ծախսերը Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս գտնվող խանութներում ու գրասենյակներում, ինչը հնարավորություն կտա տնտեսել մոտ 35 մլն ֆունտ։ Burberry-ն մտադիր է նաև իր հաստիքացուցակը կրճատել 5 տոկոսով, այսինքն շուտով ապրանքանիշի 500 աշխատակից կկորցնի աշխատանքը:

Նորաձևության աշխարհահռչակ բրենդներից Hermès-ը բավականին զեղչել է իր տեսականին:
Բացի այդ աշխարհի ամենաթանկարժեք պայուսակի` Hermès «So Black» Birkin-ի գինը, որը նախկինում 200 հազար դոլար էր, այժմ նվազել է ու դարձել 100 հազար դոլար:
Այս մասին հայտնում են Knight Frank ընկերության վերլուծաբանները, ովքեր պնդում են, որ նորաձև ապրանքների պահանջարկը շատ է ընկել, քանզի կարանտինային պայմաններում դրանց վաճառքն իրականացվում է առցանց, իսկ մարդիկ պատրաստ չեն գնել այն, ինչ չեն կարող բռնել ու շոշափել, մանավանդ, երբ դրա համար պետք է վճարել աստղաբաշխական գումար: