Սամի Նասերիի («Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատարը) կրտսեր եղբայրը՝ Բիբի Նասերին, ով «13-րդ թաղամաս» ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը, համաձայնվել է մասնակցելու ծագումով հայ ռեժիսոր Ռոբերտ Դեֆի ֆիլմի նկարահանումներին։ Այդ մասին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Եկատերինա Միխայլովան։
«Մասնակցությունը հաստատել է ֆրանսիացի հայտնի դերասան Բիբի Նասերին, ինչը մեր ֆիլմին միջազգային մակարդակ դուրս գալու հնարավորություն է տալիս»,- ասել է Միխայլովան։
«Վալտեր» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում նախորդ դարի 90-ական թվականներին։ Գլխավոր հերոսը (ֆիլմը կրում է նրա անունը) աշխատում է Մոսկվայում։ Ողբերգական նորությունը նրան ստիպում է վերադառնալ հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ՝ մորը փրկելու կամ թաղելու համար։ «Սա պատմություն է որդիական սիրո մասին»,- պատմել են ֆիլմի հեղինակները։
Ավելի վաղ՝ փետրվարին, դերասաններ Սամի և Բիբի Նասերիները այցելել էին Հայաստան։ Ֆրանսիական կինոյի աստղերը պատմել էին հայերի ու Շառլ Ազնավուրի նկատմամբ վերաբերմունքի մասին։