Հայ հայտնիները շնորհավորում են իրենց սիրելի Արթուր Գրիգորյանին՝ 61-ամյակի առթիվ

«Երգի պետական թատրոն». այս անունը շատերի սրտերն է անմիջապես ջերմացնում, ու շատ-շատերն են այն համարում իրենց 2-րդ տունը: Հայկական շոու-բիզնեսի աստղերի մեծ մասն իր ճանապարհը սկսել ու կերտել է հենց այս կառույցից: Երգի թատրոնը, հայ երգիչներին սովորեցնելով ճիշտ երաժշտություն ու ցույց տալով երգարվեստի ճիշտ ճանապարհը, ուղղորդել է մեծ բեմեր ու երաժշտության մեծ աշխարհ:

Ասելով Երգի պետական թատրոն՝ անմիջապես յուրաքանչյուրի աչքի առաջ գալիս է նա՝ այն տաքուկ դահլիճում իր դաշնամուրի դիմաց նստած: Դե իհարկե, խոսքը մեծ վարպետ, երաժիշտ, երգահան Արթուր Գրիգորյանի մասին է: Օրեր առաջ՝ հուլիսի 31-ին, լրացավ կոմպոզիտորի 61-ամյակը: Ծննդյան օրն, ինչպես ամեն տարի սիրում են նրանք նշել, անցկացրել են իրենց սիրելի ամառանոցում:  «Այդ օրը մեր տան դռները բաց են բոլորի առաջ. բոլորն էլ գիտեն, որ այնտեղ ենք սիրում նշել հայրիկիս տարեդարձը, և շատերն են գալիս մեզ հյուր շնորհավորելու»,- ShowBiz.am-ին ասաց Արթուր Գրիգորյանի դուստր Մանե Գրիգորյանն ու նաև նշեց, որ այս անգամ էլ իրենց հյուրընկալվել էին հարազատներն ու մտերիմները, և շատ բարձր տրամադրություն է տիրել:

Հայկական շոու-բիզնեսում այսօր էլ շատ են տաղանդավոր  ու նոր երիտասարդները, սակայն  կան դեմքեր, որոնք հիշվում ու սիրվում են շատ վաղուց. նրանց մենք հիշում ենք հենց Երգի թատրոնից. երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյան, Ալլա Լևոնյան, Անդրե, Քրիստինե Պեպելյան, Զարուհի Բաբայան, Նունե Եսայան  և շատ ու շատ այլ հայտնիներ հենց թատրոնի պատերի ներսում են ստացել իրենց ճիշտ գիտելիքն ու պատկերացումը երգի ու երաժշտության մասին: 

ShowBiz.am-ը նույնպես շնորհավորում է մեծ վարպետին ծննդյան 61-ամյակի կապակցությամբ և հենց այս առիթով անակնկալ կերպով Արթուր Գրիգորյանին ներկայացնում է հայ հայտնիներից շատերի շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները իրենց սիրելի ուսուցչին, և ինչպես նրանցից շատերը նշեցին՝ հորը: 

 

Ալլա Լևոնյան

Արթուր Գրիգորիչն ինձ համար հայր ու հարազատ մարդ է:  Իմ և՛ անձնական կյանքում, և՛ երաժշտական ասպարեզում  նա որպես անձ մեծ ներդրում ունի. վստահ եմ շատերն են ասել, ու հիմա ես էլ  եմ ասում.  նա մարդ է, առանց որի ես իմ կյանքը չեմ պատկերացնում: Ինչպես ասում է իմ բալիկը, «Աշխարհի ճափ շնորհակալ եմ իրեն»: ՈՒզում եմ, որ երգերը չպակասեն, շատանան, որովհետև մնայուն արժեք են բոլորն էլ: Նա իր ընտանիքի հետ թող ապրի առողջ, երջանիկ ու երկար ստեղծագործի: Ես սիրում եմ իրեն դաշնամուրի մոտ նստած. մենք միասին շատ գեղեցիկ երգեր ունենք, և մինչև այսօր այդ երգերի համար անգամ Ռուսաստանից ինձ գրում և շնորհակալություն են հայտնում: Նպատակ ու երազանք ունեմ  ևս մեկ ձայներիզ ունենալ, որովհետև այն իմ հոգևոր աշխարհն է: Համբուրում եմ իրեն և աշխարհի ամենալավ բաներն եմ մաղթում:

 

Արփի Գաբրիելյան

Ես առհասարակ չեմ սիրում բարեմաղթանքներ հղել այն մարդկանց, ովքեր իմ կյանքում շատ կարևոր տեղ ունեն և հարազատ են անչափ. այդ իսկ պատճառով  Արթուր Գրիգորիչին կմաղթեմ, որ նա շատ առողջ լինի ու միշտ լինի իմ և բոլորի կյանքում, որովհետև նրա առկայությունը շատ կարևոր է: Նա երևույթ է, և այդ երևույթը մեր բոլորի կյանքում է պետք: Ես ուզում եմ, որ նա միշտ լինի մեր կյանքում:

 

Էրիկ

Ճիշտ է, ես Արթուր Գրիգորյանի սանը չեմ եղել, սակայն կարող եմ ասել, որ նա հայր է եղել բոլորիս համար: Շնորհավորում եմ, մաղթում ամենակաևորը՝ շատ առողջություն. շատ եմ սիրում նրան ու շնորհակալ եմ անչափ:

 

Շուշաննա Թովմասյան

Իմ շատ սիրելի Արթուր Գրիգորիչ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և մեզ, որ ունենք այն եզակի մարդկանցից մեր օրերում, ումից կարելի է անդադար սովորել: Մեծ ներդրում ունեք, և դեռ վստահ եմ` նոր անելիքներ ևս, ուստի մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն: Սիրում ենք Ձեզ և Ձեր մարդ տեսակը:

 

Զարուհի Բաբայան

Երանի այսպիսի տաղանդավոր մարդիկ երկար ապրեն, որովհետև լինել օժտված շատ բանով և կարողանալ կիսվել ու փոխանցել այդ ամենը սերունդներին, ամեն մարդու չէ, որ տրված է: Այնքան երջանիկ եմ, որ կարող եմ իմ կյանքի լավագույն տարիները կապել Գրիգորիչի անվան հետ և գիտակցել, թե ինչքան բան են տվել ինձ այդ տարիները: Ծնունդդ շնորհավոր, իմ թա’նկ ու հարազա’տ մարդ, իմ մշտակա’ն ուսուցիչ: Պաչպչում եմ (միշտ նեղանում էր, որ չէի խոսում իրենց լեզվով):

 

Հասմիկ Կարապետյան

Շնորհավորում եմ Արթուր Գրիգորյանի տարեդարձը. թող  առողջ, երկար տարիների կյանք ունենա, սովորեցնի էլի ու էլի տարբեր սերունդների, ովքեր կրթվում են Երգի պետական թատրոնում, փոխանցի իր կյանքի ու երաժշտական փորձը բոլոր սերունդներին.ուզում եմ, որ հաջողակ լինի ու որ բոլոր նպատակները իրականություն դառնան:

 

Արսեն Սաֆարյան

Ամեն անգամ, որբ անցնում եմ Երգի պետական թատրոնի կողքով, ինչ-որ մի բան սեղմում է կոկորդս. երևի հիշողություններն են: Տպավորություն է, որ դպրոցիդ կողքին ես, իսկ վերևում ուսուցիչդ է, ով քեզ անսահման սիրում է ու միշտ սպասում: Հետո հիշում եմ ինձ՝ մի ամաչկոտ տղայի, ով ոչինչ չէր կարողանաում անել բեմում. ջղայնանում էր, պահանջում, համբերում, ու միշտ զարմանում էի, թե ինչքան էր հավատում ինձ: Այսօր ինչ կարողանում եմ անել բեմում, Ձեր շնորհիվ է: Եթե մինչև հիմա երգում եմ ու վայելում հանդիսատեսի սերը, էլի Ձեր շնորհիվ է, որովհետև Դուք եք սովորեցրել ճիշտ ներկայանալ այդ հանդիսատեսին: Սիրելի՛ Գրիգորիչ, ուզում եմ առողջ լինեք ու էլի գրեք: Շնորհավոր:

 

Անահիտ Սիմոնյան

Ուրախ եմ, որ իմ կյանքում ունեցել ու ունեմ Ձե՛զ, Արթուր Գրիգորիչ ջան: Ինձ այնքան բան եք տվել: Երբ փորձում եմ հիշել անցած տարիներս, ամենաուրախ, ամենախենթ, ամենաանմոռանալի պահերին միշտ իմ կողքին եք եղել:

 

Մանվել Խաչատրյան (Մավ)
Սրտանց շնորհավորում եմ մեր Արթուր Գրիգորյանին: Ցանկանում եմ քաջ առողջություն, շատ-շատ լավ երգեր, ու անչափ շնորհակալ եմ, որ ինքը կա:

 

Էմմա Ասատրյան

Ես միշտ իրեն ասում եմ իմ բոլոր ժամանակների ուսուցիչ.
Երջանիկ եմ, որ բախտ եմ ունեցել արդեն 24 տարի Ձեր նման ուսուցիչ ունենալուն:
Ամենակարևորը ուզում եմ երջանիկ լինեք, երջանիկ այնքա՜ն, որ այդ ծով երջանկությունից նաև առողջ-առողջ:

Հեղինակ՝ Կիմա Միրզոյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Կիմա Միրզոյան