Հարվարդի համալսարանի գիտնականները «Facebook»-ի հետ համատեղ ակտիվ աշխատում են ինտերֆեյս սարքի կատարելագործման վրա, որը օժտված է ուղեղի իմպուլսները կարդալու հատկությամբ: Այս սարքը, որն իր տեսքով նման է ականջակալների, հնարավորություն կտա օգտվել համակարգչից մտքի ուժի շնորհիվ՝ առանց որևէ բառ արտաբերելու կամ որևէ շարժում անելու:
Սակայն բժիշկները վտանգավոր են համարել այս սարքը՝ նշելով, որ այն 75%-ով կկրճատի մարդու շարժունակությունը, ինչն էլ պատճառ կդառնա տասնյակ հիվանդությունների զարգացման համար:
Գիտնականները արդեն փորձարկել են նոր սարքավորումը, որն արդարացրել է իրենց սպասելիքները: Փորձի ժամանակ մասնակիցները կարողացել են այս հրաշագործ սարքի օգնությամբ կարդալ դիմացինի մտքերը: Սակայն սեփական մտքերը համակարգչին ուղարկելու ճանապարհին առաջացել են խնդիրներ, որոնք գիտնականները խոստանում են վերացնել:
Հետագայում կատարելագործվելով՝ այս սարքը հնարավորություն կտա մտքի ուժով կառավարել ամեն տեսակի տեխնիկա: Այլևս կարիք չի լինի մոտենալ գազօջախին, որպեսզի այն վառվի. միայն մտածելով դրա մասին՝ հնարավոր կլինի միանգամից միացնել գազօջախը: