Երեք արդյունավետ դիմակ՝ մաշկը սև կետերից մաքրելու համար

Դեմքի առողջ ու թարմ տեսքը շատ կարևոր է, իսկ ամռանը, երբ կանայք կամ չեն դիմահարդարվում կամ շատ քիչ կոսմետիկա են օգտագործում, առավել քան կարևոր է առողջ և մաքուր մաշկ ունենալը։ Մաշկի սև կետերը կարող են խանգարել ու տհաճություն պատճառել, քանի որ դրանք դժվար է թեթև դիմահարդարմամբ քողարկելը։ Այդ սև կետերը հիմնականում հայտնվում են դեմքի T-զոնայում (քիթ, ճակատ, կզակ): Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դիմակների երեք բաղադրատոմս, որոնք հեշտությամբ կմաքրեն ձեր մաշկը սև կետերից։

Բրնձով դիմակ

Մեկ քառորդ բաժակ բրինձն անհրաժեշտ է լվանալ սառը ջրով և լցնել ոչ մեծ կաթսայի մեջ: Այնուհետև դրա վրա պետք է այնքան եռացրած ջուր լցնել, որ այն ամբողջությամբ ծածկի բրինձը: Բրինձը պետք է այդպես մնա ողջ գիշեր, իսկ առավոտյան պետք է քամել այն և տրորել այն մինչև շիլայանման զանգված ստանալը։ Ստացված զանգվածը պետք է քսել դեմքին, թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով։

Բուսական դիմակ

Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ կտավատի սերմը խառնել կես ճաշի գդալ չորացրած երիցուկի ծաղիկների հետ, աղալ ու մանրացնել այդ խառնուրդը։ Ստացված խառնուրդի վրա պետք է լցնել մի փոքր եռացրած ջուր, պինդ փակել կափարիչով և թրմել 25-30 րոպե: Ստացված զանգվածը պետք է հաստ շերտով քսել դեմքին, թողնել 20-25 րոպե և լվանալ սկզում տաք, ապա սառը ջրով:

Սոդայով  դիմակ

Սոդան լավ է մաքրում սև կետերը, բայց այն հակացուցված է օգտագործել մարդկանց, որոնք մաշկի վրա բշտիկներ և բորբոքային երևույթներ ունեն: Սոդայով մաքարող դիմակ պատրաստելու համար պետք է կես թեյի գդալ սոդան խառնել նույն քանակությամբ մանր աղի հետ: Դեմքը պետք է լվանալ շատ տաք, գրեթե եռման ջրով և նույնքան տաք ջրի մեջ թրջել մի կտոր բամբակ: Իրար խառնած սոդայից և աղից մի պտղունց անհարժեշտ է լացնել բամբակի վրա և զգուշությամբ քսել խոնավ մաշկին, հատկապես այն հատվածներում, որտեղ կան սև կետեր։ Մաշկը չի կարելի ուժեղ տրորել, այլ աշխատեք թեթև շփել այն, իսկ հետո լվացվել սառը ջրով։ Այս դիմակը թույլատրվում է օգտագործել շաբաթը մեկ անգամ։