Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, իսկ դրա դեմ պայքարը կարող է շատ երկարատև լինել։ Այս խնդրից ազատվելու համար մարդիկ կիրառում են տարբեր մեթոդներ, ինչի հետևանքով էլ ներկայում գոյություն ունեն մի շարք տարածված «միֆեր» քաշի նվազման գործընթացի մասին։ Բժիշկ-սննդաբան Անաստասիա Չերնիխը progorod79.ru պորտալի հետ զրույցում նշել է ավելորդ քաշի դեմ պայքարի վերաբերյալ ամենատարածված տեսությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը։
Մասնագետի խոսքով՝ ամենատարածված «միֆերից» մեկն այն է, որ քաղցած մնալն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, մինչդեռ իրականում այն ոչ միայն չի օգնում նիհարել, այլև կարող է անգամ խանգարել այդ գործընթացին։ Բանն այն է, որ քաղցի հետևանքով օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, ինչն էլ նպաստում է նյութափոխանակության դանդաղմանը։ Եթե նման պայմաններում քաշն անգամ նվազի, ապա դա տեղի կունենա մկանային զանգվածի ու ջրի կորստի շնորհիվ, այլ ոչ թե ճարպի։ Այս արդյունքը կայուն չի լինում և կարող է հետագայում հանգեցնել քաշի էլ ավելի լուրջ ավելացման։
Չի համապատասխանում իրականությանը նաև երեկոյան 18:00-ից հետո ոչինչ չուտելու արդյունավետությունն ավելորդ քաշի դեմ պայքարում։ Մասնագետի խոսքով՝ այս մոտեցումը ոչ բոլորին է համապատասխանում։ Բացի այդ, նման սահմանափակումը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին։ Նման խնդիրներից խուսափելու համար Չերնիխը պարզապես խորհուրդ է տալիս երեկոյան օգտագործել հեշտ յուրացվող սպիտակուցային մթերք ու օսլա չպարունակող բանջարեղեն։ Հիանալի ընտրություն կարող է լինել ձուկը, որը կարելի է համադրել վարունգի, լոլիկի ու բուլղարական պղպեղի հետ։