Իլոն Մասկը հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց աղյուսակի 4-րդ հորիզոնականում

Ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի 4-րդ հորիզոնականում։ Այս մասին են վկայում Bloomberg-ի վարկանիշային աղյուսակի տվյալները։

Նշվում է, որ երկուշաբթի Tesla-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 11 տոկոսով՝ Մասկի կապիտալն ավելացնելով 7․8 մլրդ դոլարով։ Արդյունքում Մասկի կարողությունը հասել է 84․8 մլրդ դոլարի։ Այսպիսով՝ Մասկը չորրորդ հորիզոնականից դուրս է մղել Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Բեռնար Առնոյին (84,6 մլրդ դոլար)։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը գնահատվում է 188 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն է (121 մլրդ դոլար), երրորդում՝ Facebook-ը ստեղծող Մարկ Ցուկերբերգը (99 մլրդ դոլար)։