Մագա Հարությունյանը` քթի վիրահատության բարդ հետևանքների և չստացված դաջվածքի մասին

Դերասանուհի Մագա Հարությունյանը հայտնի դարձավ հեռուստադիտողին հեռուստասերիալներից, սակայն հիմա գեղեցկուհին նաև բավականին ակտիվ է ինստագրամյան ու տիկտոկյան իր էջերում, ինչի շնորհիվ ձեռք է բերել բազմաթիվ երկրպագուներ:
Showbiz.am կայքի հետ զրույցում Մագան պատմեց, որ արդեն վիրահատել է քիթն ու այժմ վերականգնողական փուլում է գտնվում։

Մագան պատմում է, թե ինչպես որոշեց դիմել պլաստիկ վիրահատության․ «Ես նշել էի նախորդ հարցազրույցում, որ ցանկություն ունեմ քիթս վիրահատելու։ Դրանից հետո լսեցի արձագանքներ թե՛ դրական, թե՛ բացասական ու քանի որ ունեի ցանկություն, որոշեցի անել»։

Դերասանուհին նշում է, որ երբեք չի բարդույթավորվել իր քթից․ «Այնպես չէ, որ ես իմ քիթը չեմ սիրել, բայց միշտ ցանկացել եմ մի քիչ շտկել ու նույնիսկ եթե չանեի էլ, շատ չէի նեղվելու այդ փաստից։ Ունեցել եմ միջնապատի թեքություն, վիրահատել եմ դա ու ձեռքի հետ էլ կոսմետիկ էլ եմ արել։ Ու մինչ այս երբեք չեն եղել դեպքեր, որ ասեն Մագայի քիթը մեծ է կամ տգեղ։ Բոլորն էլ ինձ սիրել են այդ քթով»։

Շատ պլաստիկ վիրահատություններից հետո մարդիկ զղջում են, որ դիմել են նման քայլի, քանզի արդյունքը միշտ չէ, որ գոհացուցիչ է, բայց Մագան անգամ կասկած չի ունեցել ու համոզված է եղել, որ ամեն ինչ լավ է անցնելու։
«Չեմ ունեցել վախ, որ կարող է ինձ ինչ-որ բան դուր չգալ, որովհետև ես դիմել եմ քաղաքի ամենալավ մասնագետին՝ Էդգար Հայրապետյանին, ով ինձ համար ամենան է։ Ամեն բան այնքան լավ է անցել»,- պատմում է Մագան։

Չնայած այդ ամենին՝ դերասանուհին խոստովանում է, որ ինչ-որ բարդություններ այնուամենայնիվ առաջացել են։
«Ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է, վերականգնողական փուլը նորմալ անցնում է, ցավեր չունեմ, ուղղակի մի քիչ շատ էր այտուցվել դեմքս, պետք է այդպես չլիներ։
Չլսելով բժշկիս՝ վիրահատությունից հետո չէի քայլել ու ջուր չէի խմել, դրա պատճառով էլ այտուցվել էր դեմքս, սակայն արդեն կամաց-կամաց անցնում է»։

Իր խոսքը եզրափակելով՝ Մագան նաև անդրադարձավ իր դաջվածքներին՝ պատմելով դրանց նկատմամբ ընտանիքի վերաբերմունքի և չստացված դաջվածքի մասին։

«Դաջվածք ունեմ մի քանի հատ։ Առաջին դաջվածքս արել եմ 17 տարեկանում։
Շատ եմ սիրում փիղ, այն ինձ համար բարիության ու հարստության խորհրդանիշ է։ Որոշեցի, որ պետք է լինի փղի պատկեր, բայց քանի որ մի քիչ լավ չէր ստացվել, մինչև հիմա այն ուղղում եմ, իսկ մնացած տատուներից շատ գոհ եմ ու շատ եմ սիրում»,- կիսվում է Մագան և հավելում,- «Ընտանիքիս անդամներն այդքան էլ ծանր չեն տարել այն փաստը, որ ես դաջվածք եմ արել։ Ճիշտ է, չեն ողջունում այդ քայլս, բայց այնպես էլ չէ, որ վատ են նայում դրան, որովհետև մեր տան անդամները սովոր են, որ կնոջ վրա դաջվածքը նորմալ է։ Այնպես է ստացվել, որ նույնիսկ մայրիկիս տատիկն է դաջվածք ունեցել։ Կարող է՝ ժամանակին դրան խիստ են վերաբերվել Հայաստանում, բայց մեր տանը դա միշտ եղել է նորմալ երևույթ, ուղղակի ասել են ափսոս է մարմինդ, փչացնում ես»։

Հեղինակ` Տաթևեր Լազարյան