5 պարզ ու արդյունավետ միջոց առավոտյան թարմանալու և առույգանալու համար

Առավոտյան արթնանալուն պես անմիջապես թարմանալն ու առօրյա գործերին անցնելը երբեմն բավական դժվար է լինում, քանի որ շատ հաճախ հոգնածության զգացումը պահպանվում է անգամ լիարժեք հանգստից հետո, սակայն, բարեբախտաբար, կան շատ պարզ ու արդյունավետ միջոցներ, որոնք էներգիա կհաղորդեն ու կօգնեն շատ արագ առույգանալ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները։

Մարզանք

Առավոտյան վազքը կամ մարմնամարզությունը լավագույն միջոցն է թարմանալու և օրն առույգ սկսելու համար։ Ավելին այս սովորությունը նաև շատ առողջարար է։ Եթե վազքի համար բավարար ժամանակ չկա, ապա 10-15 րոպե տևողությամբ ինտենսիվ մարմնամարզությունը նույնպես կարող է շատ արդյունավետ լինել։ Նման մարզումները կթարմացնեն, էներգիա կհաղորդեն ու կառույգացնեն։

Կոնտրաստային ցնցուղ

Կոնտրաստային ցնցուղը ևս մի արդյունավետ միջոց է քնից հետո արագ թարմանալու համար։ Այն չունի հակացուցումներ և կարող է կիրառվել տարվա ցանկացած եղանակին։ Ավելին՝ կոնտրաստային ցնցուղը շատ արդյունավետ է ցելուլիտի դեմ պայքարում, ինչպես նաև ամրապնդում է սրտանոթային համակարգը։

Սննդարար նախաճաշ

Առավոտյան ճիշտ նախաճաշը թարմանալու և կենսական ուժ ստանալու լավագույն միջոցն է։ Սննդաբանները խորհուրդ են տալիս երբեք չբացառել նախաճաշը, քանի որ այն շատ կարևոր է։ Ընդ որում՝ հագեցնող ու սննդարար նախաճաշի լավագույն տարբերակը կլինի մրգերով ու հատապտուղներով վարսակի շիլան։

Բուրավետ սուրճ

Սուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է, քանի որ էներգիա է հաղորդում և օգնում է վայրկենական թարմանալ։ Սուրճն ակտիվացնում է մարդու գլխուղեղն ու բարձրացնում է տրամադրությունը։ Երբեմն այս բուրավետ ըմպելիքն առավոտյան թարմանալու միակ միջոցն է լինում, սակայն հարկավոր է ուշադիր լինել ու չչարաշահել այն, քանի որ սուրճի անվտանգ չափաբաժինն օրական 3-5 բաժակն է։

Նարինջ

Այս համեղ ու օգտակար միրգը նույնպես կարող է շատ արդյունավետ միջոց լինել առավոտյան թարմանալու համար։ Բոլորին էլ հայտնի է, որ նարինջը հիանալի միջոց է իմունիտետը բարձրացնելու, նյութափոխանակությունը բարելավելու և առհասարակ օրգանիզմն ամրապնդելու համար, սակայն այն նաև էներգիայի հիանալի աղբյուր է և օգնում է առավոտյան շատ արագ առույգանալ։ Առավոտյան նարնջի հյութ խմելը կամ նարինջ ուտելը էներգիա կհաղորդի ու թեթևության զգացում կպարգևի, ուստի այն նախաճաշի մասը դարձնելը կարող է շատ արդյունավետ լինել։