Կրծքի կաթը լավագույն սնունդն է համարվում երեխայի համար:
Սակայն երբեմն պատահում է, որ մայրն առողջական խնդիրների պատճառով դադարում է կրծքով կերակրել փոքրիկին:
Դա հիմնականում լինում է դեպրեսիայի, լարվածության, վարակիչ հիվանդությունների, հետծննդաբերական բորբոքումների և շատ այլ խանգարումների պատճառով:
Իհարկե, եթե դուք խնդիր չունեք, ապա պետք չէ փոքրիկին զրկել մայրական կաթից:
Կրծքով կերակրելը հանգստացնում է մորը և երեխային:
Կրծքի կաթը պարունակում է սպիտակուց, որը հագեցնում է երեխային ու առողջ քուն է պարգևում:
Երբ փոքրիկը խմում է մոր կաթը, կերակրող մոր օրգանիզմում առաջանում են հատուկ հորմոններ, որոնք նույնպես հանգստացնող ազդեցություն են ունենում: Դա հատկապես օգտակար է վատ քնող կանանց համար:
Հոգեբանների պնդմամբ՝ մայրական կաթ ստացած փոքրիկներն առավել կապված են մոր հետ ու պատանի տարիքում ավելի քիչ կոնֆլիկտներ ու խնդիրներ են ունենում ծնողների հետ, քան մյուսները: