Դատարանը չի վերականգնել Պոլանսկուն Կինոարվեստների ակադեմիայի կազմում

Լոս-Անջելեսի շրջանի գերագույն դատարանը հրաժարվել է վերականգնել ռեժիսոր Ռոման Պոլանսկուն Կինոարվեստների ակադեմիայում: Ռեժիսորը հայցը ներկայացրել էր դեռ 2019 թվականին: Պոլանսկին հայտարարել էր, որ իրեն հեռացրել են կազմակերպությունից առանց զգուշացման և ընթացակարգերի պահպանման, որոնք ներառված են կանոնակարգում:

«Ակադեմիան ոչ օբյեկտիվ է վարվել, չարաշահելով ամեն ինչ գաղտնի թողնելու հնարավորությունը, նաև չի կարողացել գործել այնպես, ինչպես սահմանված է օրենքով: Հեռացնելու մասին որոշումը հիմնված  չէ ստացված տվյալների վրա, իսկ ակադեմիայի տվյալները հիմնված չեն ապացույցների վրա»,- news.ru-ի հաղորդմամբ՝ նշված է ռեժիսորի միջնորդության մեջ:

Դատավորը եկել է եզրահանգման, որ ակադեմիան վարվել է ըստ օրենքի՝ հաշվի առնելով Պոլանսկիի համբավը: Ռեժիսորի պաշտպանները հայտարարել են, որ չեն բողոքարկի վճիռը, և ընդհանուր առմամբ նրան չի հետաքրքրում այդ կազմակերպության անդամությունը: Ռեժիսորի հայցը սկզբունքային բնույթ է կրել: