Մասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակները թույլ չեն տալիս նիհարել

Ավելորդ քաշի դեմ պայքարողները սովորաբար խուսափում են բարձր կալորիականություն ունեցող յուղոտ մթերքից՝ հարստացնելով սննդակարգն օգտակար ու չգիրացնող մթերքով, սակայն շատ հաճախ նման մթերքի գործածությունը կարող է խոչընդոտել քաշի նվազման գործընթացին ու հանգեցնել ավելորդ կիլոգրամների կուտակման։

Բժիշկ-ներզատաբան Անտոն Պոլյակովը նշել է, թե սննդամթերքի որ տեսակներն են խոչընդոտում ավելորդ քաշի դեմ պայքարին։ Մասնագետի խոսքով՝ նիհարել ցանկացողները պետք է խուսափեն կաթնամթերքից, քանի որ այն կարող է գաղտնի ալերգիաների կամ օրգանիզմի անհանդուրժողականության պատճառ դառնալ։ Նման դեպքերում կաթնամթերքը կարող է հանգեցնել օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակման՝ դառնալով մարսողության խանգարումների ու ավելորդ քաշի կուտակման պատճառ։

«Առաջին հերթին հարկավոր է հրաժարվել պանրից, քանի որ այն հարուստ է հիստամինով և օրգանիզմը կարող է ընկալել այն որպես ալերգեն մթերք»,- բացատրում է մասնագետը։

Բացի այդ, Պոլյակովը նշում է, որ ավելորդ քաշի պատճառ կարող են դառնալ նաև արևադարձային մրգերը, այդ թվում՝ մանգոն, կիվին ու բանանը, ինչպես նաև այն մրգերը, որոնք ունեն բավական բարձր գլիկեմիկ ցուցանիշ (խաղող, դեղձ և այլն)։ Քաշի ավելացումից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել նման մրգերից՝ փոխարենը նախապատվությունը տալով կանաչ խնձորին, տանձին ու գլիկեմիկ ցածր ցուցանիշ ունեցող այլ մրգերին։

Սակայն մասնագետն այնուամենայնիվ խորհուրդ է տալիս չչարաշահել մրգերն ու օգտագործել դրանք խիստ չափավոր, այլապես քաշի ավելացումից խուսափել չի հաջողվի։ Նրա խոսքով՝ չգիրանալու համար օրական կարելի է օգտագործել ընդամենը 200 գրամ հատապտուղներ ու մրգեր։