«Մենք շատ տարբեր ու իրարից անկախ մարդիկ ենք». Ալիսիա Վիկանդերը` Մայքլ Ֆասբենդերի հետ հարաբերությունների մասին

31-ամյա Ալիսիա Վիկանդերը և 43-ամյա Մայքլ Ֆասբենդերը նախընտրում են չբացահայտել իրենց անձնական կյանքը և համարվում են Հոլիվուդի ամենագաղտնի զույգերից մեկը: «ELLE»-ին տված բացառիկ հարցազրույցում Վիկանդերը պատմել է ամուսնու հետ հարաբերությունների մասին: Չնայած, որ դերասանները հանդիպել են ֆիլմի նկարահանման հրապարակում, Ալիսիան խոստովանել է, որ չի ցանկանում կրկին ամուսնու հետ նույն նկարահանման հրապարակում լինել:

«Ես կցանկանայի մի օր աշխատել Մայքլի հետ, բայց մենք շատ տարբեր ու իրարից անկախ մարդիկ ենք: Ինձ դա դուր է գալիս, կարծում եմ, որ այդ հանգամանքը լավ է անդրադառնում մեր հարաբերությունների վրա», – ասել է Վիկանդերը: «Ես ինձ առավել երջանիկ եմ զգում, քան երբևէ: Մայքլը լավագույն դերասաններից մեկն է, որի հետ ես աշխատել եմ: Նա ինձանից ավելի փորձ ունի, բայց նկարահանման հրապարակում նա հորդորում էր, որ ես նույնպես գաղափարներ ներկայացնեմ»: Դերասանուհին պատմել է, որ շատ երջանիկ է ամուսնու կողքին: