Անանուխով դիմակներ մաշկային տարբեր խնդիրներից ազատվելու համար. 4 բաղադրատոմս

Անանուխն ամենատարածված դեղաբույսերից է, որը մարդիկ սովորաբար կիրառում են բուժիչ թեյեր պատրաստելու կամ ուտեստին յուրահատուկ համ հաղորդելու համար, սակայն քչերին է հայտնի, որ այս բույսը կարող է նաև հիանալի բաղադրիչ դառնալ կոսմետիկ դիմակների համար՝ օգնելով պայքարել մաշկային տարբեր խնդիրների դեմ։

Անանուխի ակտիվ բաղադրիչներն են եթերայուղերն ու մենթոլը: Բացի այդ, այս բույսը հարուստ է ասկորբինաթթվով, վիտամին A-ով, ֆլավոնոիդներով ու դաբաղանյութերով, որոնք բոլորն էլ շատ կարևոր են մաշկի համար: Նման հզոր բաղադրության շնորհիվ այն օգտակար է մաշկի ցանկացած տեսակի համար և օգնում է ազատվել ամենատարբեր մաշկային խնդիրներից:

Դիմակ բշտիկներից ազատվելու համար

Դիմակը պատրաստելու համար հարկավոր է անանուխի մի քանի ճյուղին ավելացնել 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ, լցնել բաղադրիչները կոտորակիչի մեջ և լավ մանրացնել: Ստացված խառնուրդին ավելացնել 50 մլ գոլ ջուր, լավ խառնել, այնուհետև քսել դիմակը դեմքին: Թողնել դիմակը 15-20 րոպե և լվացվել սառը ջրով: Այս դիմակը մաքրում է մաշկի ծակոտիներն ու օգնում է նեղացնել դրանք՝ նպաստելով բշտիկների արագ ապաքինմանը:

Դիմակ մաշկի չորությունից ազատվելու համար

Անանուխի 10 թերթիկին ավելացնել 50 մլ եռման ջուր, թրմել մեկ ժամ, այնուհետև ավելացնել 1 ճաշի գդալ բարձր յուղայնությամբ սերուցք, 1 թեյի գդալ սպիտակաձավար և լավ խառնել: Քսել դիմակը մաշկին, թողնել 20 րոպե և լվացնել մի փոքր գոլ (գրեթե սառը) ջրով՝ պրոցեդուրայից հետո մաշկին քսելով խոնավացնող նրբաքսուք: Այս դիմակը ներթափանցում է մաշկի խորը շերտերի մեջ՝ ինտենսիվ խոնավացնելով և հագեցնելով ճարպերով ու բնական միկրոտարրերով:

Դիմակ աչքերի տակ առաջացած «պարկերից» ազատվելու համար

Քամել անանուխի տերևների հյութը, այնուհետև թարմ հյութի մեջ թրջել սպիտակ հացի միջուկն ու դնել ստորին կոպերին՝ թողնելով մոտ 10 րոպե: Այս պրոցեդուրան կխթանի արյան շրջանառությունը, տոնուս կհաղորդի մաշկին և կդարձնի այն ավելի պիրկ ու առաձգական:

Հակատարիքային դիմակ կնճիռներից ազատվելու համար

Խառնել մեկական ճաշի գդալ անանուխը, եզան լեզուն և դեղատնային երիցուկի չորացրած ծաղիկները, ավելացնել բույսերին մի բաժակ եռման ջուր և 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Եփուկը քամել, ավելացնել կարտոֆիլի օսլա և լավ խառնել: Մինչ դիմակն օգտագործելը հարկավոր է մաքուր մաշկին քսել սնուցող նրբաքսուք, այնուհետև քսել նաև դիմակը: Թողնել այն մաշկին 20 րոպե, որից հետո լվացվել սառը ջրով և մաշկին խոնավացնող նրբաքսուք քսել: Այս օգտակար դիմակը մաշկին տոնուս կհաղորդի և կօգնի ազատվել մանր կնճիռներից: