Ինչպես խնամել յուղոտ մաշկը. լավագույն բնական դիմակները յուղոտ մաշկը սնուցելու և խոնավացնելու համար

Յուղոտ մաշկի խնամքը բավական բարդ է ու մեծ ջանքեր է պահանջում, քանի որ նման մաշկը հաճախ է բորբոքվում և բավական զգայուն է արտաքին անբարենպաստ պայմանների նկատմամբ։ Մաշկի այս տեսակը ճիշտ խնամելու և մաշկային խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել կոսմետիկ միջոցներն ու խնամքի պարագաներն ընտրելիս և օգտագործել բացառապես այն խնամքի միջոցները, որոնք նախատեսված են յուղոտ մաշկի համար։ Ներկայում նման միջոցները գտնելը դժվար չէ, սակայն հնարավոր ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս այնուամենայնիվ նախապատվությունը տալ բնական միջոցներին, որոնք չեն պարունակում քիմիական ագրեսիվ բաղադրիչներ և չեն առաջացնում կողմնակի բարդություններ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում յուղոտ մաշկի խնամքի համար նախատեսված երեք դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն սնուցել ու խոնավացնել մաշկը, կազատեն ավելորդ ճարպից և թույլ կտան ձեռք բերել առողջ ու փայլուն մաշկ։

Դդումով դիմակ

Անհրաժեշտ բաղադրիչները.

Այս դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը մի կտոր դդում, 1 թեյի գդալ վարսակի ալյուր և մեկ ձվի սպիտակուց։

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Դիմակը պատրաստելու համար նախ հարկավոր է մի կտոր թարմ դդումը տաք գոլորշիով մի փոքր շոգեխաշել, այնուհետև թողնել սառչի, տրորել ու խյուս դարձնել։ Սպիտակուցը հարել ու փրփրեցնել, այնուհետև 1 թեյի գդալ դդմի խյուսին ավելացնել վարսակի ալյուրն ու 2 թեյի գդալ փրփրեցրած սպիտակուց և լավ խառնել։ Ստացված դիմակը քսել մաքուր մաշկին ու թողնել 15-20 րոպե։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական երկու անգամ։

Մեղրով ու բույսերով դիմակ

Անհրաժեշտ բաղադրիչները.

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ չորացրած ու փոշի դարձրած եղեսպակի, կատվալեզվի ու երիցուկի խառնուրդ։

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Հավասար չափաբաժիններով բույսերը խառնել, չորացնել ու փոշի դարձնել, այնուհետև խառնուրդի 1 թեյի գդալին ավելացնել մի փոքր եռման ջուր ու թրմել մինչև ստացվի շիլայանման զանգված։ Երբ խառնուրդը սառչի ու լինի սենյակային ջերմաստիճանի, ավելացնել նաև մեղրը և լավ խառնել։ Քսել դիմակը մաքուր մաշկին ու թողնել 15-20 րոպե։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական երկու անգամ։

Մրգային հյութերով դիմակ

Անհրաժեշտ բաղադրիչները.

Այս դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ վարսակի ալյուր, 0,5 թեյի գդալ խնձորի թարմ հյութ, 0,5 թեյի գդալ կիտրոնի թարմ հյութ ու 1 թեյի գդալ կեֆիր։

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Դիմակը պատրաստելու համար հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել, որպեսզի ստացվի թթվասերի թանձրության համասեռ զանգված։ Ստացված խառնուրդը քսել մաքուր մաշկին ու թողնել 10-15 րոպե։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական երկու անգամ։