«Ո՞վ է Արմինե Հարությունյանն ու ինչպե՞ս է նա բոդիշեյմինգի զոհ դարձել Իտալիայում»․ Forbes-ն անդրադարձել է հայ մոդելին

«Gucci» ապրանքանիշի ցուցադրությունից հայտնի դարձած հայ մոդել Արմինե Հարությունյանը կրկին ուշադրության կենտրոնում է․ Forbes-ն անդրադարձել է հայ մոդելին՝ գրելով, թե ո՞վ է Արմինե Հարությունյանն ու ինչպե՞ս է նա բոդիշեյմինգի զոհ դարձել Իտալիայում։
«Մոդել Արմինե Հարությունյանի «ոչ ավանդական» արտաքինն անցած հանգստյան օրերին Իտալիայում համաժողովրդական բանավեճ է առաջացրել գեղեցկության չափանիշների շուրջ: Չնայած այն բանին, որ մոդելն արդեն մի քանի անգամ հայտնվել Է Gucci-ի պոդիումներում, Gucci-ի կողմից կազմված աշխարհի 100 ամենասեքսուալ մոդելների ցուցակում նրա ընդգրկումը դարձել է Հարությունյանի նկատմամբ հանկարծակի ուշադրության կատալիզատոր:

Հարությունյանը 23-ամյա հայ մոդել է և արդեն հայտնի դեմք Gucci-ի ցուցադրություններից, որոնք անկացվել են Ալեսանդրո Միշելի ղեկավարությամբ։ Սակայն անցած հանգստյան օրերին քննադատության պայթյուն է տեղի ունեցել իտալական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ՝ նրա արտասովոր արտաքինի պատճառով: Նա հայտնվել է բացասական մեկնաբանությունների կենտրոնում, որոնք վիրավորում են նրա արտաքինը և կասկածի տակ դնում նրան որպես մոդել։

Հարությունյանի դեմքի դիմագծերը սուր են՝ երկար քիթ, հաստ հոնքեր և խորը մուգ աչքեր։ Այս ամենը չի տեղավորվում մոդելային գեղեցկության «նորմալ» կանոնների մեջ։ Բայց սա Ալեսադնրո Միշելի կանխամտածված ընտրությունն է, ով արդեն մի քանի տարի նախապատվությունը տալիս է յուրահատուկ գեղեցկություն ունեցող մոդելներին»,-ասվում է հոդվածում։

Նյութում նաև մեջբերվում են իտալացի գրող Ջոնաթան Բազզիի խոսքերը, ով դիմելով Instagram-ին ՝ փորձում է բացատրել գեղեցկության ստանդարտների այս էվոլյուցիան նորաձևության ոլորտում։ Նա գրում է․«Մոդելները այսօր շատ հաճախ այդքան էլ «գեղեցիկ» չեն, բայց նորաձեւության աշխարհը ունի լեզու, որը այն չէ, ինչ 20, 30 տարի առաջ»։

Լրատվամիջոցը նաև մեջբերել է այս բացասական ալիքին ի պատասխան Արմինե Հարությունյանի՝ La Repubblica-ին տված հարցազրույցից մի հատված. «Մարդիկ վախենում են ամեն ինչից, ինչ տարբերվում է: Գեղեցկ լինելու շատ տարբեր ձևեր կան»:
Հարությունյանը նշել է՝ առաջին անգամ չէ, որ բացասական մեկնաբանություններ է ստանում իր արտաքինի վերաբերյալ և ցավում է դրա համար, բայց վճռական է անտեսել դրանք: