50-ամյակ, և բեմական գործունեության 30-ամյակ… տարիներ, որոնք հենց այնպես չեն անցել, այլ թողել են մեծ ու հարուստ ճանապարհ, ինչպես նաև երաժշտական ժառանգություն: Նունե Եսայան. անուն, որ շատ գեղեցիկ երգեր ու երաժշտական ճանապարհ է հիշեցնում: Այսօր լրանում է երգչուհու 50-ամյակը: Ի տարբերություն շատ-շատերի, որոնք հուզվում և տխրում են տարիների թռչելուց՝ երգչուհու ձայնը շատ ուրախ էր, հպարտ և երջանիկ. ShowBiz.am-ը կապ է հաստատել Նունե Եսայանի հետ և ճշտել, թե ինչպես է նշելու ծննդյան օրը, ինչպես է վերաբերվում նվերներին և արդյո՞ք վախենում է թվերից, որոնք տարեցտարի ավելանում են թե՞ ոչ
Դեռ Ինստագրամում հրապարակած տեսանյութից էր պարզ դարձել, որ կեսգիշերին երկրպագուներն են անակնկալ կերպով շնորհավորել Նունեին՝ հյուրընկալվելով նրանց տուն ու իրենց հետ բերելով ուրախ տրամադրություն, նվերներ ու տորթ. «Ընդհանրապես տեղյակ չէի, որ նման բան են անելու. շատ հուզիչ ու տպավորիչ էր, և ես շատ շնորհակալ եմ իմ հավատարիմ երկրպագուներին»,-ուրախությամբ նշեց երգչուհին:
Նունե Եսայանի ունեցած բոլոր տարեդարձներն էլ անչափ տպավորիչ ու հիշվող են եղել. այդ իսկ պատճառով նա չի կարողանում առանձնացնել դրանցից որևէ մեկը: Սովորաբար այս օրը Նունեն սիրում է նշել ու անցկացնել ընտանիքի անդամների, հարազատների ու ընկերների հետ, սակայն այսօր ընկերների մեծ մասը գտնվում են ամառային հանգստի մեջ և երկրում չեն. «Այսօր նշելու եմ իմ հարազատների ու մտերիմների հետ, սակայն, երբ բոլոր ընկերներս վերադառնան արձակուրդից, միասին նույնպես կնշենք»:
Երգչուհուն այնքան էլ չեն հետաքրքրում նվերներն ու դրանց արժեքները. «Ինձ նվերներն այնքան չեն հետաքրքրում, որքան մարդիկ: Կարևորն այն է, որ այդ օրը իմ կողքին լինեն հաճելի ու հարազատ մարդիկ»,-ասում է նա:
Նրան ընդհանրապես չեն հուզում տարիքն ու թվերը. «Բացարձակ չեմ սրտնեղում այդ թվերից: Ոչինչ չկա, որ կցանկանայի փոխել. ինչ եղել է, ուրեմն այդպես էլ պետք է լիներ, ու դեռ հակառակը՝ մի բան էլ ինձ հետոն է հետաքրքիր: Սպասում եմ, թե էլ ինչեր են լինելու. դա ավելի հետաքրքիր է ինձ համար»,- ասում է երգչուհին և նշում, որ 50 տարիների ընթացքում իր ամենամեծ ձեքբերումը Նունե Եսայանը համարում է իր ընտանիքը, երեխաներին, հանդիսատեսն ու երկրպագուները: Խոսելով երազանքների մասին՝ Նունեն ժպիտով նշեց, որ իր առաջին երազանքն է բոլորի՝ սկսած հենց իրենից, առողջ լինելը, և որ ոչ մի տխուր դեպք կամ պատահար երբևէ չլինի:
50-ամյակին զուգահեռ երգչուհին նշում է նաև իր բեմական կյանքի 30-ամյակը: 30 տարի է, ինչ նա բեմում է ու իր երգերով շատերին է ջերմացնում. «Այս առիթով կան ծրագրեր ու երգչուհու երկրպագուների համար անակնկալներ. նոյեմբերի 15-ին Երևանում, այնուհետև՝ նաև Մոսկվայում, ԱՄՆ-ում սպասվում են հոբելյանական համերգներ, ինչպես նաև նոր երգեր ու տեսահոլովակներ:
Հեղինակ՝ Կիմա Միրզոյան