4 խորհուրդ մասնագետից ճարպերի այրման գործընթացը խթանելու և ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է բավական բարդ ու երկարատև լինել, իսկ որոշ դեպքերում անգամ ինտենսիվ մարզումները կարող են բավական արդյունավետ չլինել: Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս խթանել ճարպերի այրման գործընթացը, ուստի գերմանացի մասնագետ Ինգո Ֆրոբոզեն ներկայացրել է չորս պարզ մեթոդ՝ քաշի նվազման գործընթացը խթանելու համար:

Մարզել դիմացկությունը

Պրոֆեսոր Ֆրոբոզեի խոսքով՝ մարզումների ժամանակ տոկունությունն ու դիմացկունությունը մարզելը կարող է շատ արդյունավետ լինել: Մասնագետն ընդգծում է, որ ճարպերի այրման գործընթացն առավել ակտիվ է լինում չափավոր ծանրաբեռնվածությամբ մարզումների դեպքում: Ըստ մասնագետի՝ մարզումների ժամանակ մարդու անոթազարկը պետք է պահպանվի մի որոշակի ցուցանիշի սահմաններում, որը հստակ ստանալու համար հարկավոր է 180-ից հանել մարզվողի տարիքը: «Կարելի է մարզվել կես ժամ՝ հեծանիվ վարելով, վազքով զբաղվելով կամ լողալով: Ես խորհուրդ չեմ տալիս մեծացնել ինտենսիվությունն ու ծանրաբեռնվածությունը, սակայն կարելի է ավելի երկար մարզվել: Յուրաքանչյուրը, ով կես ժամ վազքով է զբաղվել, կարող է փորձել մարզվել 45 րոպե:

Ուժային վարժություններ անել

Մասնագետը խորհուրդ է տալիս կարդիոմարզումները համադրել նաև ուժային մարզումների հետ, քանի որ դրանք անուղղակիորեն ազդում են ճարպերի այրման գործընթացի վրա: Ինչպես բացատրում է մասնագետը, որպեսզի մարմինը շարունակի այրել ճարպերն անգամ հանգստի ժամանակ, հարկավոր են մարզված մկաններ, իսկ մկանները մարզելու համար անհրաժեշտ է կատարել նաև ուժային վարժություններ:

Ճիշտ սննդակարգ ճարպային փոխանակության համար

Պրոֆեսոր Ֆրոբոզեն նշում է, որ առավոտյան մարդը նախ պետք է մարմինն ապահովի բավարար քանակությամբ էներգիայով, սննդարար նյութերով հարուստ մթերքն օգտագործի կեսօրին, իսկ սպիտակուցային մթերքը՝ երեկոյան: Այլ կերպ ասած՝ մասնագետը խորհուրդ է տալիս օրն սկսել վարսակի շիլայով, կեսօրին ուտել տապակած բանջարեղեն կամ աղցան, իսկ երեկոյան՝ հավի միս կամ կաթնաշոռ:

Թեյ խմել

Ճարպերի այրման գործընթացն ակտիվացնելու համար կարելի է նաև հատուկ մթերք օգտագործել: Այս դեպքում շատ արդյունավետ կարող են լինել կանաչ, սև և սպիտակ թեյերը, որոնք խթանում են ճարպային նյութափոխանակությունը: Առհասարակ՝ շատ օգտակար կարող է լինել ցանկացած մթերք, որը խթանում է նյութափոխանակությունը, ուստի կարելի է խմել նաև ժենշենով կամ կոճապղպեղով թեյ, իսկ սննդին չիլի պղպեղ և այլ համեմունքներ ավելացնել: