Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները մի շարք երեկույթների մասնակցելուց հետո կորոնավիրուսով են վարակվել

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը և նրա կինը՝ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը, մարտ ամսին մի շարք երեկույթների մասնակցելուց հետո կորոնավիրուսով են վարակվել. զույգի մի քանի հարազատներ և աշխատակիցներ նույնպես վարակվել են վիրուսով, գրում է Daily Mail-ը։

Ինչպես նշում է պարբերականը, զույգը կորոնավիրուսով է վարակվել դեռևս մարտի սկզբին՝ Դևիդ Բեքհեմի նոր ֆուտբոլային ակումբի՝ «Ինտեր Մայամի»-ի բացումից հետո:

«Վիկտորյան ընտանիքի հետ ժամանել էր Մայամի ամուսնուն աջակցելու համար։ Նրանք ներկա են եղել մի քանի միջոցառումների, որտեղ սեղմել են շատերի ձեռքը, համբուրել երկրպագուներին և ակումբի անդամներին։ Այնուհետև նրանք վերադարձել են Լոնդոն և անմիջապես տեղափոխվել իրենց առանձնատուն»,- հայտնել է զույգի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։

Նրա խոսքով՝ մոտավորապես նույն ժամանակահատվածում զույգը նշել է իրենց որդու՝ Բրուքլինի 21-ամյակը։ Նրանք շքեղ երեկույթ են կազմակերպել, որին ներկա են եղել բրիտանացի այլ աստղեր։

ԱՄՆ մեկնելուց կարճ ժամանակ անց զույգի ինքնազգացողությունը վատացել է, և նրանք պարզել են, որ կորոնավիուսով են վարակել։ Միևնույն ժամանակ, նրանց թիմից մի քանի մարդ, այդ թվում՝ վարորդներ, թիկնապահներ և օգնականներ, ինչպես նաև ընտանիքի որոշ անդամներ նույնպես հիվանդացել են, ոմանք նույնիսկ շատ ծանր են տարել։ Ինչպես նշում է աղբյուրը, Վիկտորյա Բեքհեմը խուճապի է մատնվել և ամբողջ ընտանիքին ստիպել է ավելի քան երկու շաբաթ ինքնամեկուսանալ․ Spice Girl-ի նախկին անդամը վախեցել է, որ իր ընտանիքը կարող էր տարածած լինել վարակը։

Աղբյուրը նշում է, որ ամուսինները դեռ չեն մեկնաբանել իրենց հիվանդության վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը։