Փարթամ, առողջ ու փայլուն վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ մազերի սխալ խնամքը, վատ սննդակարգը, մազերի հարդարման վնասակար միջոցների գործածությունը, արևի ճառագայթների ազդեցությունն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի, աճի ու տեսքի վրա։ Այս ամենի հետևանքով մազերը չորանում են, վնասվում, թուլանում ու կորցնում են առողջ փայլը, ինչը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար։
Նման խնդիրներից խուսափելու և մազերի չորությունից ազատվելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ դիմակներ ու կոնդիցիոներներ, սակայն դրանք պարունակում են քիմիական վնասակար տարրեր և ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել պատրաստի խնամքի միջոցներից և նախապատվությունը տալ բնական դիմակներին, որոնք արդյունավետ են, շատ ավելի հասանելի և չեն պարունակում որևէ վնասակար բաղադրիչ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չոր մազերի խնամքի համար նախատեսված երկու բնական դիմակ, որոնք կսնուցեն ու կխոնավացնեն վարսերը՝ նպաստելով դրանց փարթամության ու առողջ փայլի վերականգնմանը։
1 ձվի դեղնուցին ավելացնել 3 ճաշի գդալ որևէ բուսայուղ, խառնուրդը մի փոքր տաքացնել ու քսել մազերին։ Ծածկել գլուխը պոլիէթիլենային գլխարկով ու տաք սրբիչով, թողնել դիմակը կես ժամ, այնուհետև լվանալ գլուխը շամպունով։
2 ճաշի գդալ վարսակի փաթիլներին ավելացնել մի բաժակ կեֆիր, թողնել մինչև վարսակն ուռչի, այնուհետև քսել դիմակը մազերին։ Թողնել այն կես ժամ, այնուհետև լվանալ գլուխը։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ մազերի որակի և տեսքի վրա կարող են բացասաբար անդրադառնալ նաև օրգանիզմում տեղի ունեցած որոշ խանգարումները, ուստի վարսերի առողջական վիճակի վատթարացումը ոչ միշտ է լինում զուտ կոսմետիկ խնդիր և նման միջոցների կիրառումի չի օգնի ազատվել հիմնական խնդրից։ Նման դեպքերում մինչ այս դիմակները կիրառելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։