Նարինե Պետրոսյանը` նոր ֆոտոշարքի, ընտանեկան հանգստի, թատրոնի և հեռուստատեսային առաջարկների մասին

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը նոր ու շատ հետաքրքիր ֆոտոշարք ունի: Նոր լուսանկարահանման համար դերասանուհին ընտրել է բավականին տպավորիչ ու չկրկնվող կերպար. նա հանդես է եկել միջնադարյան Եվրոպային հատուկ հանդերձանքով և շատ բնական կերպարով` զերծ ավելորդ դիմահարդարումից ու զարդարանքներից: Գեղեցիկ կադրերի հեղինակը հայտնի լուսանկարիչ Արամիո Պացցոն է, իսկ դերասանուհու ոճով զբաղվել է հագուստի նկարիչ Նարինե Սահակյանը: Նարինեն Showbiz.am-ին տրամադրել է ֆոտոշարքն ու զրուցել մեզ հետ ընտրված կերպարի, ընտանեկան հանգստի, նոր նախագծերի առաջարկների և թատրոնում սպասվող նորությունների մասին:

-Ինչպե՞ս ծնվեց նոր ֆոտոշարքի գաղափարը: Ինչու՞ ընտրվեց հենց այդ կերպարը:

– Գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ «Պատվի համար» հեռուստանովելի նկարահանումների ժամանակ ես սկսեցի աշխատել հագուստների տաղանդավոր նկարչի` Նարինե Սահակյանի հետ, ով այդ հեռուստասերիալի հերոսների համար շատ հետաքրքիր կերպարներ էր ստեղծում: Քանի որ մեր համագործակցությունը այնքան լավ էր ստացվում, որ մենք իրար կես խոսքից հասկանում էինք, որոշեցինք կրկին միմյանց հետ համագործակցել: Ժամանակ առ ժամանակ իրար հետ շփվում էինք, կապի մեջ էինք` Նարինեն ինձ մի քանի հետաքրքիր կերպարային լուսանկարներ ուղարկեց ու առաջարկեց նմանատիպ կերպար ստեղծել ու ֆոտոշարք իրականացնել: Ընտրվեց այս կերպարը, որովհետև այն նման չէր մինչ այս ունեցած իմ ֆոտոշարքերի կերպարներից և ոչ մեկին, առհասարակ մեզ մոտ այսպիսի կերպարով ֆոտոշարք դեռ չէր արվել, որտեղ ներկայացված կլիներ միջնադարյան եվրոպական ոճը: Ինձ համար շատ հետաքրքիր էր նման կերպարով հանդես գալը, որովհետև ինքս էլ գեղանկարչության ու միջնադարյան արվեստն ու պատմությունը ներկայացնող ֆիլմերի մեծ սիրահար եմ: Մի քանի եվրոպացի նկարիչներ կան, որոնց աշխատանքները, հատկապես դիմանկարները ինձ շատ են դուր գալիս, ու նաև դրանցից ոգեշնչվելով փորձեցինք ստեղծել այդ կերպարը, որով ներկայացա: Սա երևի թե, իմ ամենահետաքրքիր ֆոտոշարքն է, համենայն դեպս ինձ համար:

– Հեշտ ստացվե՞ց արդյոք Ձեր ու լուսանկարչի համագործակցությունը:

– Լուսանկարչի հետ  մինչ այս արդեն աշխատելու փորձ ունեինք: Ես հրավիրված էի մասնակցելու ֆոտոնախագծի: Աշխատեցի երիտասարդ ու շատ շնորհալի լուսանկարիչ Արամիո Պացցոյի հետ: Նա շատ առաջադեմ է ու պատրաստ ռիսկային և հետաքրքիր քայլեր անելու: Սկզբում նրան ուղարկեցի այդ կերպարային նկարը, որպեսզի ցույց տամ, թե ինչ ոճի մեջ եմ պատկերացնում ֆոտոշարքը ու նա միանգամից համաձայնեց, ասաց՝ «Ես երկու ձեռքով կողմ եմ»: Շատ լուսանկարներ արվեցին՝ տարբեր անկյուններից, տարբեր լուսավորություններով, բայց վերջում ընտրեցինք այն 6 լուսանկարները, որոնք ավելի կտավի, դիմանկարի տպավորություն էին թողնում անգամ:

– Այս տարի բոլոր մարդկանց արձակուրդները, որոնք պլանավորված էր անցկացնել արտերկրում, չեղարկվեցին կարանտինի պատճառով, իսկ շատերը ընտանիքի հետ հանգիստը որոշեցին կազմակերպել Հայատանում: Դուք ինչպե՞ս անցկացրեցիք ամառը:

– Երևի թե գաղտնիք չէ, որ երեխաներ ունեցող ընտանիքները նախընտրում են ծովափնյա հանգիստը թե առողջական, թե հարմարավետության տեսանկյուններից: Բայց, քանի որ աշխարհում դեռ այս իրավիճակն է, փորձեցինք հարմարվել մեր երկրում եղած պայմաններին և հանգիստը կազմակերպել Հայաստանի տարածքում: Ամռան երեք ամիսների ընթացքում պարբերաբար շրջեցինք տարբեր մարզերով, տեսարժան վայրերով ու ամեն տեղ մի քանի օր անցկացնելով` վայելեցինք մեր հանգիստը: Կարևորը, որ երեխաներս չեն ձանձրացել, քանի որ անգամ, եթե մի քանի օրով չէինք գնում հանգստի, ապա ամեն կիրակի պարտադիր քաղաքից դուրս էինք գնում` Սևան, Աղվերան, Դիլիջան և այլն: Կարելի է ասել` բոլոր ուղղություններով փորձել ենք գնալ:

– Իսկ այժմ ի՞նչ նորություններ ունեք թատրոնում: Արդեն անցե՞լ եք աշխատանքային բնականոն ռիթմին:

– Փորձերի առումով` այո, բնականոն աշխատանքային ռիթմի մեջ ենք արդեն: Հիմա աշխատում ենք այն ներկայացումների վրա, որոնց դերասանական կազմը չի գերազանցում 6-7 հոգին: Համավարակի պատճառով հայտարարված կարանտինի ու արտակարգ դրության պատճառով մի քանի ամիս ներկայացումներ չենք ունեցել, չենք խաղացել բեմի վրա ու այժմ կարիք կա ներկայացումները վերականգնելու, որոշ բաներ վերափորձելու, ճշտելու: Հիմա այդ փուլում ենք, չնայած, որ նաև նոր ներկայացման պրեմիերայի ենք պատրաստվում, որը ցավոք հետաձգվեց նույն պատճառով: Այդ ներկայացումը Ժան Անույի «Օրնիֆլ» պիեսի հիման վրա է, և այն բեմադրում է Հրաչյա Հարությունյանը: Այդ ներկայացման պրեմիերան արդեն հիմա պետք է լիներ, բայց քանի որ այն հետաձգվեց, այժմ ակտիվ կերպով տարվում են աշխատանքները:

– «Պատվի համար» ֆիլմը հեռուստադիտողը մեծ սիրով ընդունեց ու Ձեր մարմնավորած կերպարն էլ միանգամից տպավորվեց: Ունե՞ք նոր ֆիլմերում կամ հեռուստատեսային այլ նախագծերում նկարահանվելու առաջարկներ:

– Պարբերաբար ինչ-որ առաջարկներ լինում են, բայց համաձայնում եմ, եթե դրանք, օրինակ` Հանրային հեռուստատեսության 16 կամ 32 մասանոց կարճատև նախագծերն են, իսկ երկարատև սերիալներում չեմ նկարահանվում, քանի որ նախընտրում եմ այդ ժամանակը երեխաներիս նվիրել, քան լինել մի նախագծում, որն ինձ իր ճաշակով ու որակային առումով չի բավարարում: Բայց եթե հետաքրքիր նախագիծ է լինում, սիրով համաձայնում եմ: Օրինակ` ամռանը ֆիլմում մեկ օրով նկարահանվելու առաջարկ ստացա և քանի որ պրոֆեսիոնալ դերասանական կազմ էր, լավ ռեժիսոր ու հետաքրքիր սցենար էր, սիրով այդ օրը գնացել, նկարահանվել եմ: Ինձ համար շատ կարևոր է, թե ինչ է նկարահանվում, ինչ ասելիք ունի այդ ֆիլմը, ում հետ եմ աշխատում, հանուն ինչի եմ դա անում, որովհետև ուղղակի հեռուստատեսությամբ երևալ չեմ ուզում, վաղուց այլևս այդ տարիքում չեմ և ինձ հետաքրքիր չէ: Կարծում եմ, որ ժամանակս երեխաներիս հատկացնելն ավելի կարևոր է, քան այն նախագծերին, որոնք ինձ չեն գոհացնում:

– Այժմ շատերը անհամբեր սպասում են տարվա ավարտին, որ «փախչեն» 2020 թվականից: Իսկ Ձեր դեպքում անավարտ անելիքներ կամ նպատակներ շա՞տ կան այս տարվա հետ կապված, թե՞ Դուք էլ եք կարծում, որ տարին արդեն դատապարտված է վատը լինել:

– Երբ բացասական էներգիա ես տարածում, այն վերադառնում է դեպի քեզ: Պետք է հասկանալ, որ այս պահին բոլորս էլ նույն իրավիճակում ենք, ու հարմարվել նոր իրականության հետ` փորձելով այս ամենի մեջ լավը տեսնել: Ես ինքս այս ընթացքում, շատ գեղեցիկ ու լավ պահեր եմ նկատել, թեկուզ հենց ընտանիքի անցկացրած ժամանակը, այդ ջերմությունը, հարազատների հետ ավելի մտերմանալը և այլն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես նայում ստեղծված իրավիճակին: Պետք չէ կենտրոնանալ բացասականի վրա ու ասել. «Վատ տարի է, թող շուտ ավարտվի», այլ պետք է հասկանալ, որ սա ժամանակավոր փորձություն է ու կանցնի: Այն առօրյա վազքը, որ մեր կյանքից անպակաս էր, այս ընթացքում նահանջեց ու ազատ ժամանակ թողեց կյանքը վերաարժևորելու, առաջնայինը երկրորդականից տարանջատելու և հասկանալու համար, թե իսկապես երջանիկ լինելու համար, որքան քիչ բան է պետք մարդկանց:

Հեղինակ` Դիանա Զաքարյան