«Բոհեմ» թատրոնի դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը վերջապես կարողանում է վայելել սիրելի աշխատանքին երադառնալու հաճույքը, քանի որ կարանտինային սահմանափակումների թուլացումից հետո թատրոնները վերսկսեցին իրենց աշխատանքը: Դերասանուհու համար տարին այնքան էլ թեթև չի եղել, չնայած, որ միշտ ժպտերես ու դրական Ռուզաննան փորձել է ցույց չտալ իր ապրումները: Բայց -ի հետ զրույցի ընթացքում դերասանուհին առաջին անգամ պատմել է, թե որքան դժվարություններ է հաղթահարել այս տարի և իր մեջ կրկին ուժ գտել: Ռուզաննան նաև պատմել է իր ու ամուսնու` Վահան Միրաքյանի ամառային արձակուրդի, նոր ներկայացման, դերի ու երազանքի մասին:
2020-ը բարդ տարի է երևի բոլորի համար, բայց Ռուզաննան ու իր մտերիմները հատկապես ծանր հարվածներ ստացան: «Երբեք չեմ խոսել այս թեմաների շուրջ, բայց հիմա կանկեղծանամ: Տարին ինձ ու ընտանիքիս համար սկսվեց կորուստներով. տատիկս մահացավ, իսկ նրանից 5 օր անց` սկեսրայրս: Մեզ համար սարսափելի ծանր ժամանակներ էին, կարծես ողջ աշխարհը մեր աչքի առաջ գլխիվայր շրջվել էր: Covid-19-ը ևս մեր ընտանիքի կողքով անտարբեր չանցավ ու վիրուսի պատճառով կորցրեցի իմ կյանքի միակ ու շատ հարազատ մարդուն` մյուս տատիկս նույնպես մահացավ: Երևի արդեն կարիք չկա պատմելու իմ ապրումների մասին: Ես որոշ ժամանակով կտրվեցի բոլորից: Ցանկություն չունեի շփվելու, հանդիպելու. շատ դժվար էր: Բայց սա կյանք է և մենք պետք է առաջ շարժվենք: Ես շատ լավատես մարդ եմ ու գիտեմ, որ իմ հրեշտակները վերևից պաշտպանելու են ինձ ու իմ ընտանիքը: Ես սիրում եմ կյանքը ու կարծում եմ, որ կյանքն էլ` ինձ: Ամեն բան լավ է լինելու»,- անկեղծանում է դերասանուհին:
Համավարակի պատճառով սահմանափակվել էր նաև երկրից դուրս գալու ու արտերկում հանգստանալու հանարվորությունը: Այդպիսով, իրենց ամառային հանգիստը երիտասարդ ամուսինները կազմակերպեցին Հայաստանում. «Կարծում եմ, ինչպես բոլորն, այնպես էլ մենք, այս ամառը մեր հանգիստն անցկացրել ենք մեր գեղեցիկ Հայաստանի տարբեր անկյուններում: Իսկապես հրաշալի վայրեր ունենք, որտեղ կարող ես առանձնանալ, մոռանալ բոլոր կենցաղային խնդիրների մասին և մի փոքր ցրվել»:
Ռուզաննան շատ էր կարոտել բեմը, փորձերն ու հանդիսատեսին, բայց բացի «Բոհեմ» թատրոնի ներկայացումները, դերասանոքւհին այլ կարևոր նորություն ևս ունի: «Թատրոնում արդեն անցել եմ իմ նախկին աշխատանքային ռեժիմին, ի ուրախություն ինձ: Այս ամիսների ընթացքում երազանք էր դարձել կրկին բեմին հայտնվելը: Այժմ նոր ներկայացման փորձերին եմ մասնակցում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Հրաշալի թիմի և դերասանուհի-ռեժիսոր Իրինա Հարությունյանի հետ աշխատում ենք նոր ներկայացման վրա, որի պրեմիերայի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ երկրում տիրող վիճակն այնքան էլ կայուն չէ: Խոսելով այն կերպարի մասին, որն այս անգամ կերտելու եմ, կարող եմ ասել, որ շատ դինամիկ, շատ ակտիվ կերպար է, գլխավոր դերերից մեկն է: Վստահ եմ, որ հանդիսատեսը շատ կհավանի այս ներկայացումը»,- ասում է նա:
Հարցին, թե արդյոք այս շրջանում իրեն կարող ենք տեսնել ֆիլմերում, սերիալներում կամ հեռուստատեսային այլ նախագծերում` Ռուզաննան պատասխանում է. «Թատրոնը իմ սերն է: Ես ամբողջովին տրվել եմ թատրոնին ու առաժմ այնպիսի «գայթակղիչ» առաջարկներ չեմ ստացել, որ հանուն դրանց պատրաստ լինեմ ինձ թատրոնից կտրել»:
Դերասանուհին կարծում է, որ իր երազանքն իր հետ այժմ կիսում են գրեթե բոլորը. «Երազում եմ, որ արագ վերականգնվի մեր կյանքը, կարողանանք հանգիստ շփվել, շրջագայել ու ազատ լինել վերջապես: Բարդ շրջան է և առաջինը պետք է այս իրավիճակը վերականգնվի, որպեսզի կարողանանք իրականացնել մեր նպատակներն ու երազանքները:
Հեղինակ` Դիանա Զաքարյան