Միջազգային խոշորագույն Sotheby`s աճուրդի տունը կյանքի է կոչել առաջին հիփ-հոփ աճուրդը

Միջազգային խոշորագույն Sotheby`s աճուրդի տունը հաջողությամբ ի կատար է ածել հիփ-հոփի հետ առնչություն ունեցող առարկաների պատմության մեջ առաջին աճուրդը:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտը», աճուրդի ժամանակ ներկայացվել է ավելի քան 120 առարկա, որոնք կապ ունեն հայտնի կատարողների հետ, այդ թվում՝ լուսանկարներ, երաժշտական գործիքներ, հագուստ, պաստառներ, ոսկերչական իրեր, նամակներ և այլն:

Իրադարձությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Աճուրդի արդյունքում վաճառվել է ներկայացված իրերի ավելի քան 90 տոկոսը՝ ընդհանուր 2 մլն դոլար արժողությամբ:

Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 400 գնորդ աշխարհի 19 երկրից: Աճուրդի ամենախոշոր գործարքը դարձել է պլաստիկե թագը, որը կյանքում մեկ անգամ կրել էր հանրահայտ Notorious B.I.G-ը: Այն վաճառվել է 600 000 դոլարով, թեև պատրաստվել էր 6 դոլարով:

Թուփակ Շաքուրի 22 սիրային նամակների համար, որոնք նա գրել էր իր համադասարանցուհուն 1987-88 թվականերին, գնորդը վճարել է 75.6 հազար դոլար:

Air Jordan IV մարզակոշիկները, որը միակ օրինակով արտադրել է Nike ընկերությունը կանադացի ռեփեր Drake-ի հետ համագործակցության արդյունքում, վաճառվել են 32 800 դոլարով:

Աճուրդից ստացված միջոցների մի մասը կհատկացվի բարեգործական հիմնադրամին՝ երիտասարդության շրջանում հիփ-հոփի առաջխաղացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: