«Ոչ մի ֆինանսական խնդիր չեմ ունեցել»․ Հայկ Կասպաորովը ապագա ծրագրերի և Հայաստան վերադառնալու մասին

Օրեր առաջ կայացավ գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովի ՝ «Քաղաքներ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։
Երգիչը նշում է, որ կարանտինի պատճառով, իհարկե, եղել են դժվարություններ։
«Դժվարություններ, իհարկե, եղել են տեսահոլովակի հետ կապված՝ նկարահանման տեղեր փնտրելը, գտնելը, հարմարեցնելը, ձայնագրությունները( 5 երգ եմ ձայնագրել)։ Իհարկե, խնդիրներ էին առաջանում բայց փորձեցինք կարճ ժամանակահատվածում գործ անել»,- պատմում է երգիչը հավելելով,-«Չգիտեմ՝ կհասցնե՞մ այս տարի ներկայացնել մյուս երգերի հիման վրա տեսահալովակները, բայց դրանք անպայման լինելու են»։

Կասպարովը նշում է, որ ինչպես շատ երգիչներ, ինքը նույնպես բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր ուներ, սակայն դրանց մեծ մասը խափանվեց կարանտինի ու համաճարակի պատճառով։
«Ունեինք 4 մենահամերգ, ես ու Շպռոտը Եվրոպայում՝ Դիջեյ Արմանի հետ միասին ու շատ կորպորատիվ միջոցառումներ, բայց այդ ամեն ինչը թոզմիշ եղավ։
Հուսանք այս ամենը  շուտ կավարտվի ու մեր համատեղ երգի տեսահոլովակն էլ կնկարահանվի։ Տա Աստված՝ այս ամեն ինչը շուտ կվերջանա»,- նշում է Կասպարովը։

Հայկն այս ընթացքում ևս երկու տեսահալովակ է ներկայացրել։ Տեսահոլովակ նկարահանելը բավականին թանկ հաճույք է, իսկ կարանտինի և խափանված համերգների ու կորպորատիվների պատճառով հայ երգիչների ֆինանսական վիճակն այդքան էլ լավ վիճակում չէ։ Սակայն Հայկը կիսվում է, որ Գերմանիայում ունի նաև երկրորդ աշխատանք , ինչի շնորհիվ էլ նա կարողացավ պատվով դուրս գալ այս դժվար փորձությունից։

«Ես ֆինանսական ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Երգիչների հարյուր տոկոսը, կարելի է ասել՝ չի աշխատել, բայց ես Գերմանիայում ունեմ երկրորդ աշխատանք ու ամբողջ ընթացքում աշխատել եմ և ոչ մի ֆինանսական խնդիր չեմ ունեցել, մի բան էլ ավել՝ ֆինանսական պլյուս եմ ունեցել»,- պատմում է արտիստը։

Այս տարի Հայկը կարճ ժամանակով ժամանել էր Հայաստան։ Թե երբ կլինի իր հաջորդ այցը, նա դժվարանում է պատասխանել։
«Ես մինչև կորոնավիրուսի մեծ ալիքի սկսվելը Հայաստանում էի։ Հասցրի, բախտս բերեց՝ հետ վերադարձա Գերմանիա։ Հիմա ամեն օր աշխատանքի եմ։ Այստեղ էլ ոչ ստաբիլ իրավիճակ է, բայց այստեղ գոնե կանոններին մարդիկ հետևում են, իրենց առողջության մասին մտածում են, ու կարելի է ասել՝ 80 միլիոնանոց ժողովուրդն ավելի շուտ հաղթահարեց համաճարակը, քան 3 միլիոնանոց ժողովուրդը։ Հայաստան մոտ ապագայում հնարավոր է գամ, հնարավոր է  նաև չգամ։ Այս տարի 2 ամիս արդեն եղել եմ Հայաստանում։ Հայաստանում ես սավելի շատ հոգնում եմ, որովհետև ավելի շատ եմ շարժի մեջ լինում։ Հիմա ինձ պասիվ հանգիստ է պետք, դրա համար մյուս շաբաթ կմեկնեմ ծովափնյա հանգստի, մի քիչ կթարմանամ ու հետո արդեն կորոշեմ հետագա քայլերս ու արդյոք կգամ Հայաստան, թե ոչ»,- ասում է նա։

Նախորդ հարցազրույցում երգիչը, ով առաջին մասնագիտությամբ կիբեռնետիկ է, պատմել էր, որ ցանկություն ունի Գերմանիայում պաշտպանել իր դիպլոմը, սակայն հիմա Հայկն ասում է, որ դրա համար դեռ չունի ազատ ժամանակ։
«Ճիշտն ասած, դիպլոմս պաշտպանելու համար պետք է ևս երեք տարի այստեղ սովորոեմ, բայց այլ ծրագրեր ունեմ ու այդ իսկ պատճառով հիմա չեմ կարող շատ ժամանակ տրամադրել առաջին մասնագիտությունս այստեղ հաստատելու համար։ Տա Աստված՝ ամեն բան լավ լինի, անպայման դա էլ կանեմ»,- բացատրում է Հայկը։

Իր խոսքը Հայկ Կասպարովը եզրափակում է՝ խոսելով ապագա ծրագրերից․ «Եվս մի պոպուրի է պատրաստվել, դրա հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի, զուգերգ ունեմ Շպռոտի հետ, որը նույնպես պետք է տեսահոլովակ ունենա։ Ունեմ երեխաների մասին երգ։ Այդ ամենը պետք է կատարեինք կորոնավիրուսի ընթացքում։
Ունեմ նաև նոր երգ, որի հեղինակը Արթուր Աբգարն է, այն ունենալու է երկու տարբերակ, որից երկուսի հիման վրա էլ կնկարահանվի փոքրիկ սյուժետային տեսահոլովակ»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան