«Երբեք չվառե՛ք ձեր օրագրերը». Էլենի օրագրի դերասաններն անկեղծանում են

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալը կարճ ժամանակում իր շուրջը հավաքեց երիտասարդների ու պատանիների. այն դիտում էին անգամ մեծահասակները՝ վերհիշելով իրենց երիտասարդությունն ու ամեն օր պարտաճանաչ կերպով լրացվող օրագրերը: Որքան գեղեցիկ հուշեր ու դեպքեր են տեսել այդ օրագրերի թերթերը, սակայն շատ անգամ ցավոք կամ բարեբախտաբար դրանք այրվել են և միայն հուշերում մնացել մոխրացած էջերն ու գրերը:

«Էլենի օրագիրը»  հեռուստասերիալը  կարողացավ գրավել ու վարակել երիտասարդներին այս գեղեցիկ ու հետաքրքիր պատմություններով, իսկ դերասանական կազմն առավել սեր սկսեց վայելել հեռուստադիտողի կողմից, ճանաչվել ու գնահատվել: Եվ ահա ավարտին է մոտեցել հեռուստասերիալը. Էլենն ու իր օրագիրը այլևս չեն լինի էկրանին, սակայն շատ երիտասարդների մոտ հուշ ու գեղեցիկ պատկերներ հաստատ կթողնեն: 

ShowBiz.am-ին իրենց հիշողությունների, զգացողությունների, ամենահետաքրքիր ու ծիծաղաշարժ դեպքերի մասին են պատմել հեռուստասերիալի հերոսներն ու կիսվել ամենավերջին սերիայի նկարահանման ժամանակ ունեցած հուզիչ ու տխուր էմոցիաներով: 

Իննա Խոջամիրյան
Ամենասկզբի նկարահանումները ֆիզիկական ցավ են հիշեցնում ինձ։ Կամ 6-7 անգամ լողավազանը գցեցին (հիդրոֆոբ եմ), կամ դպրոցի բակում խաղընկերոջս՝ Էդգար Իգիթյանի՝ ինձ վրա ընկնելուց ծունկս վերք դարձավ, կամ դասարանում ոտքս սայթաքեց գլուխս խփեցի սեղանին և փուլ եկա հատակին։ Զավեշտը միշտ ինձ հետ է: Հաճելի հիշողություններ են, ինչ խոսք: Որպեսզի շատ հեռուն չգնամ, վերջին նկարահանումներից դեպք հիշեմ. Էլենիս հարսանիքի նկարահանման ժամանակ, Էլենի տան բակում իրական հարսանքավորների հանդիպեցինք հարսի բակում, մեքենայի ճանապարհը կտրեցի հարսի զգեստով, պատճառաբանելով, թե հարսի տան բակում հիմա ոչ թե թաղի երեխաներն են ճամփան կտրում, այլ մի ուրիշ հարս: Հուսամ հիշվող րոպեներ ունեցան կարևոր օրվանից: Մեր վերջին օրվա վերջին տեսարանը, երբ Էլենս Միկայի (Բեն Ավետիսյանի) հետ վառեց օրագիրը՝ չեմ խաղացել…չկարողացա…դա Էլենը չէր լաց լինում, դա Իննան էր…Էլենս վառվեց աչքիս առաջ…բառացի… Տեսարանի ավարտից հետո դեռ երկար ժամանակ չէի կարողանում հանգստանալ. Հետաքրքիր ֆենոմեն է:
Ես անուններ չեմ սիրում նշել, ես հատուկ շնորհակալական խոսքեր վաղուց ի վեր չեմ հղում: Այն մարդկանց, ում ինձ տվել է Էլենի օրագիրը, չունեն իմ շնորհակալական խոսքի կարիքը. նրանք պարզապես գիտեն, որ իմ սրտում ու «գլխիս վրա» տեղ ունեն: Էլենն իմ առաջին հերոսուհին էր: Ես դժվարանում եմ պատասխանել որևէ հարցի…Ես դեռ բաց չեմ թողել «Էլենի օրագիրը», ինձ ժամանակ է պետք այն մաքրելու, և ինքնամաքրվելու համար:

 

Բեն Ավետիսյան

Հիշողություններս շատ-շատ են: Ամենասկզբում կար պատասխանատվություն՝ ձուլվել այդ խմբին, քայլել իրենց հետ, մտնել սցենարի մեջ, կերպարի մեջ: Բոլորին հետաքրքիր էր, թե ինչպիսին է լինելու կերպարս. ինձ համար շատ գունավոր նախագիծ էր, ու կերպարս բացահայտում էր ինձ համար: Առաջին անգամ բացասական կերպար էի խաղալու: Նկարահանման հրապաակում բոլոր դեպքերն էլ տպավորիչ էին, առավոտից երեկո այնտեղ էինք. շատ-շատ դեպքեր են եղել. օրինակ՝ եղել է, որ նկարահանման ժամանակ մոտենան, խնդրեն նկարվել ինձ հետ, հետո հարցնեն, թե ինչ էր անունս. շատ ծիծաղելի էր, և ես այդպես էլ չհասկացա, թե ինչու էին ուզում ինձ հետ նկարվել: Եղել է նկարահանման ժամանակ կռվի տեսարան ենք նկարել, դրսում  ոմանք մտածել են՝ իրոք կռիվ ենք անում և եկել են, որ բաժանեն: Ամենավերջին սերիայի նկարահանումների ժամանակ զգացողություններն այնպիսին էին, որ թողնում ենք մի շատ կարևոր կետ մեր կյանքում, որը գիտեինք, որ էլ չի լինելու: Սերիալի նկարահանումների ընթացքում մտածում ես, թե երբ է ավարտվելու, որ արդեն ժամանակն է, սակայն երբ գալիս է վերջին օրը, տխրում ես ու  հասկանում, որ արդեն կարոտում ես: Ամենավերջում ավելի էր հետաքրքրանում ամեն բան, և սկսել էինք կարոտել դեռևս չվերջացած սերիալը: Կերպարս ինձ համար շատ հետաքրքիր էր, և կարծում եմ ասելիք ուներ բավականին: Շնորհակալություն եմ ուզում հայտնել ստեղծագործական թիմին. նրանք բոլորն էլ կատարեցին շատ բարդ աշխատանք. սա մի ճանապարհ է, որը պետք է բոլորս էլ պատվով անցնեինք: Էլենի օրագիրը բացահայտում էր ինձ համար կերպարային առումով, քանի որ առաջին անգամ էի խաղում այդպիսի կերպար. հեռուստադիտողի մեծ սերը, որը կար  կրկնապատկեց այս նախագիծը, սովորեցրեց երիտասարդական կյանքի նրբությունները , սովորեցրեց երիտասարդական կյանքում լուծումներ գտնելը. ամեն ինչ կապվեց ուսանողական կյանքի հետ. մասնագիտական մեծ ձեռքբերումների նախագիծ եմ համարում ես սա. Ի վերջո, սովորեցրեց այն, որ օրագրեր պահելը մեր օրերում այդքան էլ արդի չէ, բայց հուսով եմ նախագծից հետո կլինեն մարդիկ , ովքեր կկարողանան  պահել օրագրեր , կիսվել այնտեղ իրենց անցած օրվա տեղի ունեցող իրադարձություններով, որպեսզի տարիներ անց այդ հիշողությունները վերականգնելու համար բացեն և թերթեն օրագիրը: Երբեք չվառե՛ք ձեր օրագրերը:

 

Էմմա Սապունջյան

Հիշողություներն այնքան շատ են, որ կդժվարանամ մեկն առանձնացնել. կարող եմ ասել միայն, որ առաջին տպավորությունը ողջ անձնակազմի և դերասանական կազմի վերաբերյալ խաբուսիկ չէր, առաջին պահից սիրեցի բոլորին ու հետագայում հասկացա, որ չեմ սխալվել.կարծում եմ մեր սերը փոխադարձ է: Շատ -շատ են եղել տպավորված պահեր,բայց կնշեմ ամենավերջինը,երբ մեքենան վարելիս շրջվեցի ու տեսա, որ Վարուժը բացել էր մեքենայի հայելին ու շատ լուրջ դեմքով սափրվում էր։ Նկարահանման մի հրապարակից մյուսն էինք տեղափոխվում, շատ ժամանակ չունեինք, այդ իսկ պատճառով դիմել էր այդ քայլին: Կողքի մեքենաների միջի մարդկանց տպավորությունների մասին խոսելը կարծում եմ անիմաստ կլինի: Անկեղծ ասած վերջին նկարահանման օրը այնքան շոգ էր, որ երազում էի, թե երբ է այն ավարտվելու, և ուրիշ ոչնչի մասին չէի մտածում, բայց հիմա հասկանում եմ, որ կկարոտեմ բոլորին: Ուրախ եմ, որ ձեռք բերեցի այդքան լավ ու տարբեր ծանոթություններ։ Թե՛ դերասանների, և թե՛ նկարահանող անձնակազմի մեծ մասի հետ աշխատում էի առաջին անգամ, բայց հուսով եմ ոչ վերջին:

 

Վարուժան Մարգարյան

Առաջին նկարահանումներից սկսած ամեն ինչ շատ լավ էր։ Նկարահանման խումբը լավն էր. այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ լավ սկիզբ էր։ Իմ կարծիքով ցանկացած բանի համար սկիզբը որոշիչ է։ Նոր մարդիկ,նոր ծանոթություն։ Կար ինքս իմ հանդեպ պատասխանատվության զգացում՝ նույնը չլինելու։ Ամենատպավորիչ դեպքերից մեկը տեղի է ունեցել հենց վերջին նկարահանումների ժամանակ։ Նկարահանման մի հրապարակից պետք է տեղափոխվեինք մյուսը, և ժամանակը ճիշտ օգտագործելու համար որոշեցի սափրվել Էմմայի մեքենայի մեջ։ Ամենավերջին օրը նկարահանման շա՜տ շոգ էր, բոլորս՝ շա՜տ հոգնած: Դժվար թե կարողանամ ինչ -որ բառերով զգացողություններ արտահայտեմ. կասեմ որ նկարահանման խումբը ինձ հարազատ էր դարձել, իսկ հարազատ մարդկանցից հեռանալը միշտ էլ ինչ -որ չափով հուզիչ է լինում։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց ում հետ ես աշխատեցի։ Շնորհակալ եմ , որ նման ընկերություն ստեղծվեց, շնորհակալ եմ, որ ինձ ընդունեցիք ձեր ընտանիք։ Այն ինձ տվեց մասնագիտական փորձ։ Ես առիթ եմ ունեցել շփվելու և աշխատելու ինձնից մեծ  սերնդի  և փորձառու մարդկանց հետ, ովքեր բացի մասնագիտականից տվեցին նաև կյանքի փորձ։ Իմ շրջապատում ավելացան ընկերներ, նոր մարդիկ, նոր շրջապատ։

Օլյա Հակոբյան

Սկզբում ես պետք է լինեի զզվելի մի էակ. հետո, ուսումնասիրելով կերպարս, հասկացա, որ նա վատը չի կարող լինել: Ես սկսեցի խաղալ իմ ձևով, և սցենարիստը հասկացավ՝ ինչ եմ անում, ինչ եմ զգում և հետաքրքիր կերպով այն զարգացրեց: Շատ են հիշվող դեպքերը, իսկ նկարահանումները  շատ թեթև էին անցնում: Խաղընկերներիս հետ շատ լավ հարաբերությունների մեջ էինք. ամեն օր էլ մի ծիծաղելի բան եղել է: Ես սովորաբար միշտ տխրում եմ, երբ ավարտվում է այն նախագիծը, որտեղ նկարահանվում էի: Ի վերջո, դու պետք է հաջողություն ասես այդքան հարազատ դարձած կերպարիդ: Շատ սիրեցի թե՛ նախագիծը, թե՛ կերպարս, թե՛ անձնակազմին: Շնորհակալ եմ իմ սիրելի Շանթ հեռուստաընկերությանը, Մհերին Խաչատրյան, Հայկին Վարդանյան, սցենարիստ Անիին և ի վերջո բոլոր դերասաններին: Շատերն իսկապես ընկերներ են դարձել և մտերիմ ենք: Ամենամեծ բանը, որ կարող է տալ աշխատնաքը, հաճույքն է, երբ դա աշխատանք չէ, և դու պարտադրված չես գնում աշխատանքի, այլ սիրով ու հաճույքով: Էլենի օրագրի  բոլոր օրերն ու պահերը կհիշեմ ջերմությամբ:

Հեղինակ՝ Կիմա Միրզոյան