Քլոե Քարդաշյանը կոչ է արել միանալ իրեն իրական ագրեսորի մասին հավաստի տեղեկություններ տարածելու գործում

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քլոե Քարդաշյանը ինստագրամյան իր էջի story բաժնում անդրադարձել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակմանը և կոչ արել իրեն միանալ իրական ագրեսորի մասին հավաստի տեղեկությունների տարածման գործում:

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս: Աղոթում եմ բոլորի առողջության և անվտանգության համար: Միացեք ինձ, որպեսզի շարունակենք Արցախի հայերի դեմ Ադրբեջանի չհրահրված այս հարձակման մասին տեղեկություններ տարածել: Հայաստանն ու Արցախն իրենք են պաշտպանում իրենց, սակայն նաև միջազգային հանրության աջակցությանն են սպասում, որպեսզի վերջինս դատապարտի այս հարձակումները և տարածաշրջանում խաղաղություն հաստատի: Կիսվեք տեղեկություններով, կոչ արեք ԱՄՆ ներկայացուցիչներին խոչընդոտել հակամարտության հետագա սրումը»,- գրել է Քարդաշյանը, ինչպես նաև տրամադրել «Մենք ենք մեր սարերը», «Բոլորն Արցախի համար», «#Արցախնամուրէ» բարեգործական արշավների հասցեները, որով ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել:

Հիշեցնենք, որ օրերս էլ Արցախի կողքին կանգնելու կոչով հանդել էր եկել Քիմ Քարդաշյանը: