Հեյլի Բիբերն ու Էլթոն Ջոնը ջնջել են Հայաստանի ու Արցախի մասին իրենց հրապարակումները

Վերջին օրերին համաշխարհային ճանաչում ունեցող շատ հայտնի մարդիկ գրառումներ են անում սոցցանցերի իրենց էջերում` այդպիսով իրենց զորակցությունը հայտնելով հայերին:

Ամերիկացի մոդել, կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերի կինը` մեդել Հեյլի Բիբերը, Ինստագրամի իր էջի սթորի բաժնում երեկ կիսվել էր Ինստագրամի մեկ այլ օգտատիրոջ սթորիի լուսանկարով: Լուսանկարում Հայաստանի դրոշն էր, որի վրա գրված էր. «Արցախն ուժեղ է, պաշտպանենք Հայաստանը»:

Սթորին հրապարակելուց ժամեր անց, սակայն, մոդելը ջնջել է լուսանկարը: Հավելենք, որ Հեյլին Ինստագրամում ունի շուրջ 30 մլն հետևորդ:

Երեկ Հայաստանի մասին հրապարակում էր արել բրիտանացի հանրահայտ երգիչ, երգահան և դաշնակահար Էլթոն Ջոնը: Նա մասնավորապես նշել էր, որ Հայաստանն ու Արցախը այժմ ենթարկվում են ադրբեջանական-թուրքական ինքնաբուխ հարձակումների:

«Քաղաքացիական անձիք են թիրախավորվում, երկու կողմերում էլ զոհեր կան: Հայերը լավ մարդիկ են և արժանի են կայուն խաղաղության` տարիների պատմական հալածանքներից հետո»,-գրել էր նա:

Էլթոնը ժամեր անց իր էջից հեռացրել է հրապարակումը, կամ թաքցրել: Թե ինչու է երգիչն այդպես վարվել, պարզ չէ: Հայ օգտատերերից շատերը նշում են, որ գուցե ոչ թե նա է հեռացրել, այլ Ինստագրամը` ադրբեջանցիների բողոքարկումների հիման վրա: Եթե երկրորդ տարբերակն է, Էլթոն Ջոնը պետք է լրացուցիչ տեղեկացում տա, որ ինքը չի ջնջել հրապարակումը։